Սեպտեմբերի 18-ին ռուսական առաջին ալիքով վերջապես ցուցադրվել է հեռուստադիտողների ուշադրությունը գրաված բազմասերիանոց «Վանգելիա» ֆիլմը, որը նկարագրում է 20-րդ դարի ամենահանելուկային կնոջ` Վանգայի կյանքը: Նրա կանխատեսումների մասին, որոնք կատարվում են մինչ օրս, բազմաթիվ գրքեր են գրվել և նկարահանվել են ֆիլմեր: Սակայն Վանգայի կյանքի մասին հայտնի են ոչ այդքան շատ տեղեկություններ:
Նրա դժվար կյանքի և գաղտնի պահված փաստերի մասին էլ հենց կպատմի այս ֆիլմը:
Տարեց պայծառատեսի դերակատարուհին ռուս դերասանուհի Ելենա Յակովլեվան է:
Մինչ ֆիլմի նկարահանումները, Ելենան փորձել է մի որոշ ժամանակ շարժվել փակ աչքերով, որպեսզի կարողանա վերջնականապես հասկանալ, թե ինչ է նշանակում ապրել կատարյալ մթության մեջ:
«Պետք է ասեմ, որ այն մարդիկ, ովքեր հանդիպել են նրան, և նրանք, ում Վանգան ինչ-որ բան է ասել, շատ քիչ բան են պատմում նրա մասին: Երբ խոսում ես, հարցնում ես, այնպիսի տպավորություն է, որ կարծես ծանր ինչ-որ բան է նստած նրանց այդ հիշողության վրա»,- կիսվել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ Վանգան բուլղարացի լեգենդար պայծառատես է: 12 տարեկան հասակում նա դարձել է մրրիկի զոհը և կորցրել տեսողությունը, ինչից հետո էլ Վանգայի մոտ ի հայտ են եկել տեսիլքները: Նրա շնորհի մասին տեղեկությունները շատ արագ են տարածվել, և Վանգային սկսել են այցելել աշխարհի տարբեր ծայրերից:
Վանգան կանխատեսել էր երրորդ համաշխարհային պատերազմը, Իոսիֆ Ստալինի մահվան օրը, Նյու-Յորքի երկվորյակ աշտարակների կործանումը, նաև տասնյակ իրադարձություններ, որոնք ունեցել են համաշխարհային նշանակություն: