Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է: Այն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ՝ 1948թ. դեկտեմբերի 10-ին։ Մեծ դեր ունեցավ քաղաքակրթության առաջընթացի հարցում: Հայաստանն այդ ուղղությամբ նույնպես որոշակի քայլեր կատարեց: Քաղաքակրթության մեծագույն ձեռքբերումն այն է համարվում, որ ամեն ինչ պետք է ենթակայեցվի իրավունքին: ԱԻՄ-ը հիմնադրելիս հիմքում դրեցինք մարդու ինքնորոշման իրավունքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մինչ կխոսեր եռյակի, ԵՏՄ-ին միանալու պայմանագրի վավերացման մասին՝ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով, եթե կարևորագույն հարցում, որն է՝ մարդու իրավունքները, ՀՀ ինքնիշխանությունը, եռյակը միասնականություն չունի, լուրջ մարդիկ լուրջ սպասելիքներ ունենալ չեն կարող:
«Հիմա բացի «Ժառանգությունից» և ԱԻՄ-ից, բոլոր ուժերը կողմ են ԵՏՄ-ին: Քաղաքակիրթ ի՞նչ բառ ասեմ՝ բացի սրիկայությունից: Առողջ բանականություն ունեցող ամեն ոք տեսնում է, թե աշխարհում ինչ է կատարվում, իսկ դա չեն տեսնում մեր բթամիտները: Իրականում համաշխարհային ճգնաժամ չկա, կա «պուտինյան Ռուսաստանի» ճգնաժամ, որի ջախջախման ականատեսը շուտով կլինենք»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
Անդրադառնալով ԵՏՄ-ի դեմ սակավաթիվ ցույցերին՝ նշեց, որ սակավաթվությունը չի խոսում այն մասին, որ մարդիկ կողմ են.
«Հարսանիքի էի մասնակցում, որին ներկա էին 20 հոգի, այսօր երեխաներ ունեն, երջանիկ ապրում են, իսկ մյուսին ներկա էին 2000 հոգի, 2 տարի հետո այդ հարսանիքից ոչինչ չմնաց: Առաջինում սիրով էին հավաքվել, երկրորդում՝ շատ գումար էին ծախսել: Այստեղ երևի գործում է հայ քաղաքացու այն մոտեցումը, որ ամբողջ աշխարհի դեմ ելած պուտինիզմը, միևնույն է, պետք է տապալվի: Նման մոլորություն տեղի է ունեցել 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ դաշնակացականներն առանց որևէ մեկին հարցնելու որոշեցին, որ նախ պետք է Ալեքսանդրապոլում թուրքերի հետ բանակցեն, հետո ռուսների, երկու ամիս հետո ժողովուրդն ապստամբեց: Նույն իրավիճակն է: Այսօր էլ Սերժ Սարգսյանը տրվում է պուտինիզմին, բայց, եթե վաղը ժողովուրդը զգա, որ դա ինքնիշխանության, անկախության կորուստ է, իսկ դա շուտով կզգա, կտեսնեք, որ ես կլինեմ վերջին մարդկանցից մեկը, ով կխոսի անկախության մասին: Այնպես որ՝ թվերով մի խաբվեք, հարսանիքի օրինակն էլ լավ հիշեք»:
Անի Կարապետյան