Օգոստոսի 28-ին տեղի ունեցավ Թուրքիայի նորանշանակ նախագահի երդմանկալության արարողությանը: Ներկա էր նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխանցել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ: Շատերն այս քայլից հետո ասացին` գնդակը Թուրքիայի դաշտում է:
«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը պնդում է` շատերն այդ կարծիքին չեն.
«Հուլիսին Վաշինգտոնում էի, շատերն այդ կարծիքին չէին: Նստած էին պաշտոնյաներ, քաղաքագետներ, ովքեր մեզ մեղադրելով ասում էին` վերջապես մի բան զիջեք ԼՂՀ-ում, չէ՞ որ զիջում արդեն արել եք` ճանաչել եք սահմանը, մեկն էլ արեք` վերջացրեք»:
Արա Պապյանը համոզված է` սահմանը հաստատ չեն բացի, և, հետո, դրա բացելով ոչինչ չի փոխվում.
«Սահմանը հաստատ չեն բացի.կա Արցախի հարցը, եթե դա էլ զիջենք` ուրիշ հարց կբերեն: Թուրքիայի ստրատեգիական նպատակն է` ոչնչացնել Հայաստանին` որպես քաղաքական և տնտեսական միավոր: Գող, սիրտը դող: Օկուպացրել է մեր երկրի զգալի մասը և չի կարող պարզապես թղթին հավատալ, որ հրաժարվում ենք դրանից: Ասում են` այսօր կհրաժարվեք, վաղը կուժեղանաք, նորից այդ հարցը առաջ կքաշեք: Նրանց ստրատեգիական խնդիրն է` խեղդել Հայաստանին: Այստեղ Ղարաբաղի հարցը չէ, Հայաստանի ճակատագրի հարցն է»:
Խոսելով սահմանի բացման կարևորության մասին` քաղաքագետը նկատեց.
«Ի՞նչ է, կարող է Եվրոպա արտահանելու ապրանք ունենք, չեն կարողանում կատարել: Փոթիով ապրանքը ավելի էժան է, քան սահմանի բացման դեպքում` մեքենայով կամ երկաթուղային տրանսպորտով: Կարս, Էրզրում հատվածում ընդհանրապես բացակայում է էլեկտրականությունը, միայն շոգեքարշն է գործում: Տրապիզոնի նավահանգիստը ո՞նց ենք օգտագործելու, երկաթգիծ չունի, տարբեր է նաև երկաթգծի լայնությունը»:
Անի Կարապետյան