▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի դեսպանի հետկանչը լայնորեն տարածեց Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Հաշվի առնելով Ֆրանցիսկոս պապի անկեղծությունը՝ զարմանալի չէր, որ նա բացահայտորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում ապրիլի 12-ին մատուցած պատարագի ժամանակ: 

 

Միակ մարդը, որ լրիվ անտեղյակ էր Պապի իրական մտադրությունների մասին, Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաչաջին էր, որը երկու շաբաթ առաջ հոխորտալով հաղորդել էր թուրքական մամուլին, թե ինքը համոզել է Հռոմի պապին՝ մերժել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ բոլոր հայկական խնդրանքները:

 

Թուրք դեսպանը հայտարարեց, թե իրեն հաջողվել էր.

-       Չեղյալ համարել Հռոմի պապի այցը Երևան Ապրիլի 24-ին.

-       Համոզել Պապին Ապրիլի 24-ին պատարագ չմատուցել Վատիկանում.

-       Ջնջել «Հայոց ցեղասպանություն» բառերը Պապի ուղերձից Վատիկանում ապրիլի 12-ին մատուցվող պատարագի ժամանակ:

 

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները դեսպան Փաչաջիի պնդումները ներկայացրեցին որպես խոշոր հաղթանակ թուրքական դիվանագիտության և ջախջախիչ պարտություն հայերի համար:

 

Դեսպան Փաչաջիի կեղծ պնդումները պարզապես նախատեսված էին Անկարայում իր վերադասի առջև նրա «լավ աշխատանքի» մասին տպավորություն ստեղծելու համար: Ճշմարտությունն այն է, որ Հռոմի պապը ոչ նախատեսել էր այցելել Երևան Ապրիլի 24-ին, ոչ էլ այդ օրը պատարագ մատուցել Վատիկանում: Թուրքիայի դեսպանի երրորդ պնդումը, թե Պապը իր ապրիլի 12-ի ուղերձում չի օգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրը, այլ միայն «աղոթքներ կբարձրացնի բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը կորցրել են 1915-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ», ևս կեղծ դուրս եկավ:

 

Հակառակ դեսպան Փաչաջիի իսկական և երևակայական ճնշումներին՝ Հռոմի պապը բացահայտ և երկարաշունչ հիշատակում արեց Հայոց ցեղասպանությանը ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում, որը տարածվեց ամբողջ աշխարհի հեռուստացանցերով, ռադիոներով, թերթերով և համացանցով: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, Արամ Ա կաթողիկոսը, հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը և հազարավոր հավատացյալներ տասնյակ երկրներից:

 

Ահա որոշ հատվածներ Հռոմի պապի ուղերձից.  

 

«Անցյալ դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որ լայնորեն հայտնի է որպես «XX դարի առաջին ցեղասպանություն», խոցեց ձեր հայ ժողովրդին՝ առաջին քրիստոնյա ազգին, ինչպես նաև կաթոլիկ և ուղղափառ սիրիացիներին, ասորիներին, քաղդեացիներին և հույներին: Այդ սպանդին զոհ գնացին եպիսկոպոսներ և քահանաներ, հավատացյալ կանայք և տղամարդիկ, ծերեր և նույնիսկ անպաշտպան երեխաներ ու հիվանդներ: Մյուս երկու ողբերգություններն իրականացվել են նացիզմի և ստալինիզմի կողմից: Եվ, բոլորովին վերջերս, տեղի ունեցան այլ զանգվածային սպանություններ, ինչպես օրինակ Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում և Բոսնիայում: Թվում է, թե մարդկությունը անկարող է վերջ դնել անմեղ արյան թափվելուն.... Սիրելի հայ քրիստոնյաներ, այսօր ցավով լցված մեր սրտերը միաժամանակ հուսառատ են Աստծո հարությամբ, և մենք այսօր ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության, այդ անսահման ու անիմաստ կոտորածի հարյուրամյակը, որի դաժանությունը ձեր նախնիները ստիպված եղան կրել: Անհրաժեշտ է, և հիրավի մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, քանի որ երբ հիշողությունը մարում է, նշանակում է, որ չարը թույլ է տալիս, որ այդ վերքերը բորբոքվեն: Չարիքը թաքցնելը կամ այն ժխտելը նույնն է՝ թույլ տալ, որ վերքն արյունահոսի առանց այն վիրակապելու»:

 

Արգենտինայում որպես կարդինալ Ֆրանցիսկոս պապը բազմիցս խոսել էր Հայոց ցեղասպանության մասին և երեք հիշատակում ներառել այդ հարցով իր «Երկնքում և երկրում» (2010 թ.) գրքում: 2013 թ. հունիսի 3-ին, շատ չանցած իր ընտրությունից, Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանությունը բնութագրեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:  

 

Վատիկանը հայերի զանգվածային սպանություններին առաջին անգամ անդրադարձել էր 1915 թ. սեպտեմբերի 10-ին, երբ Բենեդիկտոս 15-րդ պապը նամակով դիմել էր սուլթան Մեհմեդ 5-րդին՝ պահանջելով դադարեցնել անմեղ հայերի ջարդերը: Երկու անգամ՝ 2000 թ. նոյեմբերի 9-ին և 2001 թ. սեպտեմբերի 27-ին, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, հանդես եկան Հայոց ցեղասպանությունը ճանաչող համատեղ հայտարարություններով:

 

Զարմանալի չէր, որ Թուրքիայի կառավարությունը շատ խիստ արձագանքեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հիշատակմանը և անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Վատիկանից: Դեսպան Փաչաջին այժմ հնարավոր է ազատվի իր պաշտոնից կեղծ պնդումներ անելու համար, թե իբր իրեն հաջողվել էր լռեցնել Հռոմի պապին Հայոց ցեղասպանության հարցում: Մինչդեռ, թուրքական կառավարության չափազանց բուռն արձագանքը և Հռոմի պապի՝ իր ուղերձի համար ներողություն խնդրելու մերժումը, միջազգային խորագրեր ստեղծեցին ամբողջ աշխարհի հեռուստացանցերում, կայքերում և թերթերում:

 

Վաղուց ծրագրված թուրքական ջանքերը՝ խոչընդոտելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, խեղդվեցին լրատվամիջոցների մեծ ուշադրության հորձանուտում՝ պայմանավորված Քարդաշյանների առաջին այցով Հայաստան և Հռոմի պապի Հայոց ցեղասպանության խիզախ վերահաստատումով հենց Ապրիլի 24-ից առաջ:

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին