▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ու Ադրբեջանն Արևմուտքի համար շատ ավելի կարևոր են, քան արդարությունը

Մինսկի խմբի համանախագահ երկու երկրները՝  ԱՄՆ-ը և Ֆրանսիան, նախօրեին հանդես եկան հայտարարությամբ՝  դիմելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին: Գրեթե նույնատիպ հայտարարություններով  երկու երկրների գերատեսչությունները կոչ արեցին  կողմերին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից: Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը մասնավորապես նշել էր.   «Ֆրանսիան կոչ է անում կողմերին հաստատել վստահության մթնոլորտի  և ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»:

 Իսկ  ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Ջեն Փսակիի խոսքով՝

«Մենք կոչ ենք անում կողմերին կրկնապատկել  իրենց ջանքերն ու կենտրոնանալ այն շահերի վրա, որոնք տարածաշրջանում խաղաղություն կապահովեն»:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում սրված սահմանային միջադեպերին, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտման դեպքերին,  Ջեն Փսակին նշել է, թե  այդ մասին որևէ հաստատում չունի, սակայն խաղաղ կարգավորումը բխում է երկու երկրների շահերից: Թեմայի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ.

-Պարոն Շաքարյանց, ՄԽ համանախագահ երկու երկրները նախօրեին դիմեցին Հայաստանին և Ադրբեջանին: Հատկանշական է, որ երկու հայտարարություններն էլ աչքի են ընկնում անհասցեականությամբ և Հայաստանն ու Ադրբեջանը դրվում են նույն հարթության վրա: Ինչպես կմեկնաբանեք հայտարարությունները:

- Ես տարիներ շարունակ, առնվազն 2000 թվականից, նույնիսկ 90-ականներից բավական հաճախ ուշադրություն էի հրավիրում այն հանգամանքի վրա, որ չգիտես ինչու տարբեր կարգի կոչերը, որոնք հնչում էին Մինսկի խմբի 3 համանախագահների կամ նրանցից որևէ մեկի կողմից, շարունակում էին կիրառել այն մեթոդաբանությունը, որը կիրառում էր ԽՄ կոմկուսի  կենտրոնական կոմիտեն: Այսինքն՝  1988-1991 թթ երբ ինչ-որ լարվածություն էր լինում, կոչ էին անում և հայերին, և ադրբեջանցիներին՝  ընդ որում հավասարեցնելով մեղքի բաժինը: Նույնը հիմա են կիրառում  աշխարհի՝  իբր թե  ամենաժողովրդավար երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Այս փաստը, սակայն, կարող է զարմացնել միայն առաջին հայացքից: Բավական մեծ են ԱՄՆ շահերն Ադրբեջանում, շատ ավելի մեծ,  քան մյուս երկրներինը: Իսկ Ֆրանսիան  դարձել է ԱՄՆ-ի կցորդ: Այնպես որ ես հիմա՝  2014 թվականին, չեմ զարմանում ԱՄՆ-ի  ու ֆրանսիայի հայտարարությունների վրա: Նրանք հավասարապես հայատյաց են: Հավասարապես  ադրբեջանամետ: Ինչ  էլ  որ անում են, վերջում հակահայկական ավարտ է ունենում: Հիշեցնեմ՝ ԱՄՆ-ը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նույնը անում է Ֆրանսիան: Խոստացել էր, հիշում եք, սակայն Ցեղասպանության ժխտումը քրեականանցող օրենքը հաջողությամբ տապալեց ու էլի հետաձգում են ու երևի այդպես՝ մինչև ընտրություններ: Էլի կսկսնեք գոռգոռալ, որ Ֆրանսիան՝ մեր բարեկամը, տեսեք ինչեր է անելու: Այս ամենը բավական շուտ պետք էր հասկանալ: Թուրքիան ու Ադրբեջանն Արևմուտքի համար շատ կարևոր են, քան արդարությունը, հայությունը, կամ հայկական հարցը: Ես բազմիցս գրել եմ, որ ֆրանսիացնիները դավաճանել են  հայերին:  Դա բացատրել եմ կիլիկիահայության ճակատագրի օրինակով: Այնպես որ,  ի՞նչ տարբերություն Ֆրանսիայի ԱԳՆ_ի համար՝ կոտորվելու՞ է Հայաստանի կամ Արցախի հայությունը, թե ոչ: Այն մտայնությունո, որ Ֆրանսիան և Ամերիկան զբաղված են հայանպաստ գործունեությամբ, վաղուց պետք է հանձնել պատմության արխիվը և այլևս չանդրադառնալ:  Դա կեղծիք է:  

-ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Ջեն Փսակին կողմերին կոչ է արել ընդունել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը և հանդիպել Փարիզում: Ըստ Ձեզ՝ կլինի՞ այդ հանդիպումը և ի՞նչ կտա:

-Ոչ մի բան չի տա, եթե իհարկե նախագահներից մեկը չի պատրաստվի գալ ու լիակատար  կապիտուլիացիայի փաստաթուղթ ստորագրել:Ոչ  փարիզյան, ոչ մադրիդյան, որ Կազանի հանդիպումները ոչինչ չեն տալիս: Հերթական միջոցառում  է լինելու և կրկին շեշտվելու է համանախագահ պետությունների «դերը» հակամարտության կարգավորման գործընթացում: Մնում է հույս ունենալ, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ կապիտուլիացիա ստորագրել:

Հասմիկ Գյոզալյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին