Նախորդ շաբաթվանից սկսած թուրքական և գերմանական մամուլում քննարկվում են այն լուրերը, թե Գերմանիայի հատուկ ծառայությունները կառավարության հրահանգով լրտեսական գաղտնալսումներ են իրականացրել Թուրքիայում: Այն դեպքում, երբ Գերմանիայի կառավարությունը այս տեղեկությունները ոչ հերքում է, և ոչ էլ հաստատում, հետախուզական շրջանակները թուրքական «Հյուրիյեթ» թերթի հետ զրույցում հասատատել են այս լուրերը.գրում է ermenihaber-ը:
Ըստ «Հյուրիյեթի» ձեռք բերած տեղեկությունների` Թուրքիան գաղտնալսվում է, և գաղտնալսումներ են իրականցվում ոչ թե երկրի առանձին շրջաններում, այլ` ամբողջ երկրում:
Ըստ թերթի` երկուշաբթի երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն թեմայի վերաբերյալ հարցազրույց է ունեցել գերմանացի գործընկերոջ Շտեյնմեյերի հետ: Վերջինս երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն շատ զայրացած է եղել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի դեմ լրտեսություն անելու մասին լուրերի`գերմանական մամուլում հայտնվելուց հետո պաշտոնական Անկարան արտգործնախարարություն հրավիրեց Գերմանիայի դեսպանին` բացատրություններ տալու:
Բացի այդ Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն էր արել և ակնկալել, որ Բեռլինը սպառիչ լուծում տա առաջացած խնդրին: