▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական մտասևեռումը հայկական հողային պահանջների վրա

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առիթով թուրք թղթակիցները համառորեն հետաքրքրվում էին Թուրքիայից Հայաստանի տարածքային պահանջների մասին:

 

2015 թ. ապրիլի 25-ին թուրքական «Հյուրիեթ» թերթում հրապարակված հարցազրույցում թղթակիցը հարցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, թե արդյոք Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից: Ստորև ներկայացվում է «Հյուրիեթ»-ում նախագահ Սարգսյանի պատասխանի թուրքական տեքստի իմ թարգմանությունը.

 

«Հայաստանի Հանրապետությունը, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիայից կամ որևէ այլ երկրից տարածքային պահանջներ չի ունեցել: Մեր կառավարության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա այսօր: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք: Որպես ՄԱԿ-ի անդամ պետություն հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները.... Եթե ուշադրություն դարձնեք, ապա Թուրքիայից Հայաստանի տարածքային պահանջների մասին հիմնականում խոսում են Թուրքիայում, ոչ թե Հայաստանում... Իսկ թե ինչու է այդպես, թողնում եմ յուրաքանչյուրիս հետևությանը»:

 

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ մայիսի 7-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ես նախագահ Սարգսյանին խնդրեցի պարզաբանել «Հյուրիեթ» թերթին տված իր մեկնաբանությունները, որոնք ճիշտ չեն հասկացվել կամ սխալ են մեկնաբանվել որոշ հայերի և թուրքերի կողմից: Նախագահը պարզաբանեց, որ ինքը չի ասել, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից: Նա պարզապես հայտարարել է, որ Հայաստանը նման պահանջ չի ներկայացրել և ավելացրեց. «Մենք իրավունք չունենք ասելու, որ Թուրքիայից տարածքային պահանջներ չունենք: Միաժամանակ մենք իրավունք չունենք ասելու, որ նման պահանջներ ունենք»: Նախագահը հավելեց, որ «Սփյուռքի հայկական կուսակցություններն ազատ են նման պահանջներ ներկայացնելու համար»:

 

Նախագահ Սարգսյանը որպես երկրի առաջին դեմք հստակորեն մատնանշում է, որ տարածքային պահանջը հզոր և սպառնացող հարևան Թուրքիայից, կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի ազգային անվտանգության համար, և որ նույնը չէ, երբ նման պահանջներ ներկայացվում են անհատների կամ կազմակերպությունների կողմից:

 

Ավելի վաղ, նույն օրն առավոտյան մայիսի 7-ին, Վաշինգտոնում Ազգային մամուլի ակումբում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մամուլի ասուլիսի ժամանակ, մեկ այլ թուրք լրագրող ևս հարցրեց Թուրքիայից Հայաստանի տարածքային պահանջների մասին: Նալբանդյանը նույն կերպ պատասխանեց, ինչպես Նախագահը. «Հայաստանը Թուրքիային տարածքային պահանջներ չի ներկայացրել»: Նա նաև զարմացած հարցրեց, թե ինչու է այդ հարցն ավելի շատ բարձրացվում Անկարայում, քան Երևանում:

 

Չորս տարի առաջ հուլիսի 23-ին, Սերժ Սարգսյանն ավելի հիմնավոր պատասխան տվեց, երբ մի հայ ուսանող իրեն հարցրեց Արարատ լեռան և Արևմտյան Հայաստանի հնարավոր վերադարձի մասին.

 

«Ամեն ինչ կախված է ձեզանից և ձեր սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրված պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից: Մենք կարողացանք դա անել.... Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու լավ կատարել»:

 

Հայաստանի նախագահի պատասխանը բողոքի հզոր ալիք առաջացրեց հարևան Թուրքիայում և Ադրբեջանում: Երկու երկրների լրագրողներն ու պաշտոնյաները ջղաձիգ հարձակումներ գործեցին Հայաստանի վրա՝ մեղադրելով նախագահ Սարգսյանին՝ «Արարատ լեռը և Արևելյան Թուրքիան գրավելու համար հայ երիտասարդներին կոչ անելու մեջ»: Վիրավորական արտահայտություններ հնչեցին Հայաստանի նախագահի հասցեին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանի, փոխվարչապետ Բյուլենթ Առինչի, նախարար Էգեմեն Բաղիշի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկու երկրների արտգործնախարարությունների կողմից: Էրդողանը Հայաստանի նախագահից նույնիսկ պահանջեց ներողություն խնդրել: Ամբոխներին հրահրելու նպատակով Թուրքիայի քաղաքներում բողոքի ցույցեր կազմակերպվեցին, որտեղ այրեցին նախագահ Սարգսյանի լուսանկարը...

 

Հասկանալի է, թե ինչու են թուրք ղեկավարներն այդքան սարսափում, երբ բարձրացվում է Հայաստանի տարածքային պահանջների հարցը: Շատ լավ իմանալով, որ իրենց նախնիները բնաջնջել են հայ բնակչությանը իրենց հայապատկան հողերում, թուրքական իշխանությունները մտավախություն ունեն, որ հայերը կպահանջեն վերադարձնել Արևմտյան Հայաստանի իրենց պատմական հայրենիքը՝ ներկայիս Արևելյան Թուրքիան...

 

Միևնույն պահանջների փաթեթի շուրջ հայ ժողովրդին միավորելու համար, ես կարծում եմ, որ մենք պետք է ընդունենք «արդարության պահանջ» կարգախոսը, որն իր մեջ ներառում է Թուրքիայից հայկական բոլոր պահանջները, ինչպես նշված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում, որը 2015 թ. հունվարի 29-ին Երևանում ընդունվեց Հայաստանի և Արցախի իշխանությունների և Սփյուռքի խոշոր կազմակերպությունների ղեկավարների կողմից: Հռչակագրի 6-րդ կետում կոչ է արվում «վերականգնել անհատական, համայնքային և համազգային իրավունքները և օրինական շահերը»: Ավելին, Հռչակագրի նախաբանում հատուկ հիշատակվում է «հայրենազրկումը», ինչպես նաև 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը և 1920 թվականի նոյեմբերի 22-ի՝ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը, որոնք Հայաստանին շնորհում են մի քանի անգամ ավելի մեծ տարածք, քան այսօրվա Հայաստանի Հանրապետությունը:

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին