ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Փաշինյանի՝ նախագահին պաշտոնանկ անելու Ազգային Ժողովի որոշման նախագիծը արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությանը՝ նշելով, որ իրենք ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքականության մեջ առողջ մրցակցային հարաբերությունների կողմնակից են:
Իսկ ստեղծված իրավիճակը ներկայացնելու համար բերեց կառուցվող շենքի օրինակ.
«Եթե մենք ունենք ծրագրված աշխատանք և դրան միացել են արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, ՀԿ-ներ, փոքր, միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ժողովուրդը ու ծրագիրն իրականացնում ես ճարտարապետների, մասնագետների հետ, կեսից այն փոխելն անհնար է: Ընդհանրապես պետք է հրաժարվես դրանից: Իսկ մենք հավատում ենք մեր նախագծին: Հիմա սա թողնեինք, և անցնեինք մի նախագծի, որը թիթեռնիկի կյա՞նք պետք է ունենար: Արտահերթը կայանալու համար 88 ձայն էր անհրաժեշտ:Եթե դա լիներ առողջ քաղաքական մրցակցային նախագիծ, իհարկե, կողմ կլինեինք»,-ասաց պատգամավորը: