▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեւական ժամանակ Ադրբեջանի հետախուզական ծառայության ուշադրության կենտրոնում եղել են ԼՂՀ ՊԲ եւ ՀՀ ՊՆ զորամասերը.«Ժողովուրդ»

Տեւական ժամանակ է, ինչ Ադրբեջանի հետախուզական ծառայության ուշադրության կենտրոնում եղել են ԼՂՀ ՊԲ եւ ՀՀ ՊՆ զորամասերը: Դեռ ամիսներ առաջ նրանք շարունակ հետաքրքրվել են Արցախի դիրքերի, կոնկրետ զորամասերի մասին: Եվ այսպես՝ դեռեւս 2015 դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից օպերատիվ- հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել էր, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր Գարիկ Մարությանը, որը երկար տարիներ աշխատել էր ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել բանակում իրեն հայտնի դարձած պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

Իսկ ինչպե՞ս է Գարիկ Մարությանը ծանոթացել Ադրբեջանի հետախույզների հետ, եւ, առհասարակ, ինչպես են ադրբեջանական հատուկ ծառայությունները կապ հաստատում հայերի, առավել եւս ՊՆ աշխատակիցների հետ՝ նրանց գումարի դիմաց ինֆորմացիա տալու առաջարկ անելով: Պարզվել է, որ Գարիկ Մարությանը 1997 թվականից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 29-ը ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնն է զբաղեցրել, իսկ աշխատանքից դուրս գալուց հետո «նոր գործ» է գտել իրեն: Բանն այն է, որ 2015թ. հուլիսի սկզբներից «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում իր անունով՝ «M.G.X», Մարության Գագիկ Խաչիկի տառերով էջ է բացել:

Սկսել է տարբեր մարդկանց հետ շփվել «Օդնոկլասսնիկի» ցանցի միջոցով եւ ծանոթացել է օգտատեր Vazgen Kirakosyan-ի հետ: Իսկ Վազգեն Կիրակոսյանը Գարիկ Մարությանին ներկայացել է որպես օտար երկրում ապրող հայ, հայերեն լեզվով անկեղծ զրուցներ է ունեցել: Մինչդեռ իրականում նա Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակից է եղել: Արդյունքում՝ Գարիկը Vazgen Kirakosyan տվյալներով հանդես եկող անձին 750 ԱՄՆ դոլլարի դիմաց արժեքավոր տեղեկություն է տրամադրել ՀՀ զինված ուժերի մասին, որոնք Ադրբեջանական հետախուզությունը կարող էր օգտագործել ՀՀ զինված ուժերը վարկաբեկելու համար: Նշենք, որ բացի «Օդնոկլասսնիկի ռու» սոցիալական ցանցից՝ Գարիկ Մարությանը կապ էր հաստատել նաեւ Ադրբեջանի հետախուզության հետ բջջային հեռախոսակապի «Վիբեր» ծրագրի միջոցով:

Իսկ կոնկրետ ի՞նչ տեղեկություններ են հետաքրքրել Ադրբեջանի հետախույզներին: Քրեական գործի նյութերից պարզ է դառնում, որ ադրբեջանցի հետախույզներին հետաքրքրել են ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինությունից, դիրքերի, դիտակետերի դասավորվածությունից մինչեւ զինծառայողների վերաբերյալ կոնկրետ տվյալները: ԱԱԾ-ն Գարիկ Մարությանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` պետական դավաճանություն, եւ կալանավորել նրան: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գարիկ Մարությանը իրավապահներին հայտնել է, որ ինքը չի իմացել, որ իր հետ զրուցած քաղաքացին եղել է Ադրբեջանցի հետախույզ, եւ ինքը նրա հետ ընդամենը կիսվել է իր ծառայության ընթացքում կատարած աշխատանքների մասին: Երբ իրավապահները հետաքրքրվել են, թե ինչի՞ դիմաց էին նրան գումար ուղարկել կամ հեծանիվ նվիրել, Մարությանը պատասխանել էր, թե ընդամենը որպես լավ մարդ ցանկացել են իրեն գումար ուղարկել եւ նվերներ տալ:

Այսպիսով՝ պետք է շատ զգույշ լինել, հատկապես պետական համակարգին առնչվող մարդիկ, լավ կլինի, անծանոթ մարդկանց հետ «չկիսվեն» երկրում առկա իրավիճակի, ունեցած մտահոգությունների մասին, քանի որ թշնամին ամենուր է գործում: Նրանք ոչնչի առջեւ կանգ չեն առնում: Ցավոք, ադրբեջանական հետախույզների թիրախում միայն Գարիկ Մարությանը չէ: Մյուսներին կներկայացնենք հաջորդիվ:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին