▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թեժ աշնան» համար ժամանակ է հարկավոր

Սեպտեմբերը սկսվեց քառյակի ներկայացուցիչների հավակնոտ ելույթներով ու այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե ուր որ է ընդդիմադիր զանգվածի բողոքի ակցիաների բում է լինելու: Սակայն, անկախ այդ զանգվածի չափերից ու բողոքի ձայն բարձրացնելու պատրաստականությունից, քառյակի ոչ իշխանական ուժերի ակտիվությունը վերջին օրերին գնալով նվազեց:

Ըստ իս, տեմպի այս թուլացումը երկու պատճառ ունի` առաջինը միտումնավոր կողմն է, մյուսը` ինչ-ինչ հանգամանքների օբյեկտիվ հետևանք:

Այսպիսով` քառյակի անդամները հաշվարկել են, որ ամառվանից հետո ժողովրդի մոտ դժգոհություններն ու լարվածությունը դեռևս բավականաչափ չեն աճել և չկա այն ոգևորվածությունը, որ կար գարնանը: Ուստի, բողոքի հզոր ալիք բարձրացնելու համար ժամանակ է հարկավոր: Այդ պատճառով քառյակի անդամները փորձում են կուտակայինի հարցով սահմանադրական դատարան դիմելու և այլ գործընթացներ նախաձեռնել, որոնք թույլ կտան ժամանակ շահել և կնպաստեն հասարակության քաղաքական ակտիվացմանը: Ի դեպ, զարգացումների այս ձևն իր մեջ ունի նաև արհեստականության մի զգալի բաղադրիչ:

Մյուս կողմից գոյություն ունի իրական պատճառ, որ անկախ հասարակական աջակցության չափից, քառյակն ինքը չի կարողանա մոբիլիզացնող դերակատարություն ունենալ ու հանդես գալ որպես մեկ ազդեցիկ միավոր: Քառյակի ներսում կան մոտեցումների տարբերություններ, որոնց` մինչև վերջ հստակցված ու համաձայնեցված չլինելու պարագայում քառյակի որևէ ձեռնարկ չի կարող հաջողություն ունենալ:

Խնդիրն այն է, որ քառյակի ուժերի առանձին-առանձին գործելու դեպքում նրանց պոտենցիալն էապես նվազում է: Դա է պատճառը, որ միասնականությունը պահպանելը դառնում է անչափ կարևոր ու դրան ուղղված ամեն քայլ իր մեջ զիջման ակտ է պարունակում: Թե որքան են պատրաստ միմյանց զիջել քառյակի անդամները, ցույց կտա ժամանակը:

Դավիթ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին