«Հրապարակ»-ի զրուցակիցն է նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ - Այո, ընդ որում՝ առանց խորանալու: Եվ, իմ ունեցած տեղեկություններով, այդտեղ կոնկրետ Մհեր Գրիգորյանի մեղքն է, որը սնապարծ, անպատրաստ գնում է բանակցությունների, և այն ժամանակ, առանց խորանալու, կարծել է, թե այնտեղ, իբր թե, ադրբեջանական 4 գյուղ կա։ Սա այն դեպքն է, երբ նիկոլական իշխանությունը, ի դեմս Մհեր Գրիգորյանի, անպատրաստ գնում է բանակցությունների, երբ ադրբեջանցիները գալիս են կեղծած թղթերով, իսկ այդ կուտը սրանք ուտում են։ - Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այդ գյուղերը երբեք մերը չեն եղել, նախօրեին էլ Արարատի մարզում էր նույնն ասում, անուղղակիորեն արարատցիներին էլ, հավանաբար, նախապատրաստելով իրենց մարզում «սահմանի ճշգրտմանը»։ Այնտեղ նա ասաց, որ հակառակ դեպքում Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է նախապատրաստվում։ Որպես նախկին վարչապետ՝ այս շանտաժին ի՞նչ կհակադրեք։ - Դրանք անես-չանես, Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է պատրաստվում։ Ե՛վ Տավուշի 4 գյուղերը, և Տիգրանաշենը բոլոր թղթերով հայկական են։ Ուզում եմ շեշտել՝ նախևառաջ Փաշինյանն է ուզում տալ, որ հանգիստ ապրի, ախպերություն անի ադրբեջանցիների հետ։ Սա՝ մեկ։ Երկրորդը․ եթե ուրիշը քեզնից հող է ուզում, որը քո տարածքն է, հողը տալու պրոցեդուրան մեկն է՝ ռեֆերենդում։ Երրորդ. պետք է պատրաստ լինել պատերազմի։ Ադրբեջանը այդ 4 գյուղերից հետո ևս չորսն է ուզում, ընդ որում՝ գյուղեր կան, որոնց անունը Փաշինյանը տալիս է, դրանք գոյություն չունեն և երբեք գոյություն չեն ունեցել։ Օրինակ՝ Էյվազլի, Չայզամի։ Կապանում այդպիսի գյուղեր կա՞ն, մենք նույնիսկ չգիտենք, թե ադրբեջանցիներն այդ որ գյուղերն են այդպես անվանել, բայց Փաշինյանը միշտ հայկական անվանում ունեցող, ՀՀ տարածքում գտնվող գյուղերն անվանում է ադրբեջանական անվանումներով և տալիս է։ Դա վերջ չունի: Բացի այս, Ադրբեջանը չի հրաժարվում, այսպես կոչված, միջանցքն ուժով գրավելու գաղափարից, նա չի հրաժարվում մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներին այստեղ բերելու գաղափարից՝ առանց քննարկելու հայերի վերադարձի հարցը։ Էլ չեմ ասում, որ այստեղ մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներ երբեք չեն ապրել, այն դեպքում, երբ Ադրբեջանում 4 անգամ ավելի հայ էր ապրում, քան Հայաստանում` ադրբեջանցի։ Սա է շղթան։ - Փաստորեն, հիմա Տավուշում մենք նույն սցենարն ենք տեսնում, ինչ Սյունիքո՞ւմ։ - Այո, սուտ սցենար, ինչպես Սյունիքում Վաղարշակ Հարությունյանը ստորագրեց ու հանձնեց հայկական հողերը, հայկական ճանապարհը։ Հայերն այդ ճանապարհը (Գորիս-Կապան մայրուղին) հո չէի՞ն կառուցել Ադրբեջանի տարածքում։ Այս երկրի վարչապետն ու Մհեր Գրիգորյանը դա չե՞ն հասկանում, նա պրիմիտիվ ձևով նստում ու սկսում է բանակցել Google Maps-ով։ Լավ, իրեն հարց չի՞ տալիս, թե Google-ն ինչ գիտի մեր սահմանները, որ գծում է։ Որերորդ անգամն է՝ Google Maps-ում հօգուտ Ադրբեջանի ես փոփոխություն եմ տեսնում, այդ թվում՝ Տավուշի հատվածում։ Չորս տարի առաջ Google Maps-ում նման բան չկար, Տավուշը մաքուր մերն էր, հիմա նման բաներ են անում։ Ունենք հստակ տեղեկություն, որ դա արվում է կաշառքով, Ադրբեջանը կաշառում է Google-ին, որը սարսափելի հակահայ կազմակերպություն է։ |
Տավուշի գյուղերի հարցը ծագել է Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի մեղքով, դրանք երբեք ադրբեջանական չեն եղել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet