Տեսնելով Հալեպի ողբերգական պատկերները, արձանագրված զոհերին եւ վիրավորներին՝ հայ հասարակական դաշտը բնականաբար ալեկոծվում է: Հավանաբար բնական է նաեւ այն, որ ժողովրդային մակարդակով պատահարների դիմաց ընդվզման տրամադրությունները հասցեներ փնտրեն, թիրախներ եւ եղածի պատասխանատվությունը բարդեն ամենից առաջ պատասխանատու կողմերի ուսերին: Եւ որովհետեւ այսօրվա հասարակությունը առիթ ունի նաեւ հրապարակային արտահայտվելու, զանգվածներին իր տեսակետը, բողոքը, ընդվզումը հասանելի դարձնելու, գրառումները, մեկնաբանությունները եւ քննարկումները ողողում են էլեկտրոնային դաշտը, եւ պետք է ընդունել, այո՛, ստեղծում են որոշ հանրային կարծիք:
Երեւույթի մեկ կարեւոր բաժինը սակայն պետք է ընկալել ո՛չ թե պատասխանատու խոսքի տարածում, ո՛չ թե ստուգված տեղեկությունների հիման վրա հավաստի լրատվություն, այլ բազմաթիվ մարդկանց միջեւ նույն նյութի շուրջ անմիջական խոսակցությունների ընդհանուր պատկեր:
Մարդկային-հոգեբանական առումով նույնքան ըմբռնելի է, որ հոռետեսության պահերը գերակշիռ լինեն երիտասարդ ու պատանի զոհերի դիմաց եւ տիրի ընդհանուր հուսահատական կամ անտերության մատնված լինելու մթնոլորտ:
Սակայն, այս բոլորը ժողովրդային մակարդակի վրա բնական է, հասկանալի: Մինչ, այս համընդհանուր մթնոլորտը փոխելու, բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու, վիրավորներին բուժօգնություն տրամադրելու, անպատսպարներին տեղավորելու եւ ստեղծված վտանգի դիմաց հնարավոր համապատասխան միջոցառումներ որդեգրելու համար կան միացյալ շտաբներ, հոգեւոր-ազգային պատասխանատու մարմիններ, կազմակերպություններ, ինքնապաշտպանության գործին լծված նվիրյալներ:
Պետք է նկատել նաեւ ա՛յս իրականությունը. եւ եթե իրավամբ, աշխարհաքաղաքական մակարդակի վրա եւ նրա տարողունակությամբ մարտեր են, որոնք մղվում են Հալեպում` ներգրավելով գերտերությունների բանակներն ու օդուժը, ապա բնականաբար շեշտվում է պատերազմական գործողությունների ավարտի մասին կանխատեսումներ անելու բարդությունը:
Եւ երբ փակուղում հայտնված լինելու համոզմամբ եւ հատկապես իրադարձությունների տրամաբանական շարունակականությունը կորցրած լինելու փաստով առնվելիք քայլերի անորոշությունը տիրապետող է դառնում, ապա հերթական անգամ ծայր են առնում ողբի գրառումների շարքը, «պետք էր»-ի տեսաբանության բազմաթիվ օրինակները, դատապարտումները, երբեմն հասցեական, հաճախ էլ անհասցե բողոքները:
Վանելով ռազմադաշտից հեռու` դաս տալու փորձությունը, փորձենք հետպատերազմյան սիրիահայության այսօրվա աշխարհագրության համապատկերը ուրվագծել: Թեեւ այստեղ թվերը շատ կարեւոր են, բայց հստակ է, որ խոսքը շարժունակ թվաբանության մասին է `այն պատճառով, որ արտահոսքը չի կասեցվել եւ դրա կարեւոր համեմատությունն էլ ներքին բնույթ ունի: Ուրվագիծ բառը պատահականորեն չի օգտագործվում այս դեպքում, որովհետեւ հասկանալի պատճառներով կբացակայեն վիճակագրական թվերը:
Արտահոսքի աշխահարգրական ուղղությունները.
Ա. Արտահոսքի առաջին կանգառը հասկանալիորեն Լիբանանն է: Առանց բացառելու դեպի Թուրքիա կամ Հորդանան անցած համասիրիական գաղթականական ալիքին ներառված հայ տարրերը, պետք է ասել, որ իբրեւ զանգվածային երեւույթ` այդպես է: Նույնիսկ Երեւան մեկնող զանգվածի համար առաջին կանգառը Լիբանանն է, որովհետեւ Դամասկոսի կամ Լաթաքիայի օդանաւակայանները գրեթե զրկվել են միջազգային թռիչքներ իրականացնելու կարողությունից:
Սակայն Լիբանանը տարանցիկ կանգառ է ոչ միայն դեպի Երեւան ուղեւորվողների համար, այլ նաեւ դեպի Կանադա հատկապես, նվազ չափով՝ ԱՄՆ, Շվեդիա, Գերմանիա կամ եւրոպական քաղաքներ. վերջերս նաեւ` Ավստրալիա:
Բ. Համասիրիական փախստականների հսկայական ալիքը, որը բախեց եւրոպական տարբեր երկրների ծովափերը, այս ուրվագծումից դուրս կգար ամբողջովին, եթե ողբերգական պատահար պատահած չլիներ սիրիահայ ընտանիքին, որը պատահական նավով փորձել էր հասնել Եւրոպա:
Գ.Կանադայի եւ Ավստրալիայի միգրացիայի բաժանմունքների որդեգրած հատուկ քաղաքականության հետեւանքով Երեւանից դեպի Բեյրութ վերադարձի որոշակի հոսք նկատվեց սիրիահայ մեր հայրենակիցների, որոնք թղթաբանական հարցերը լուծելու եւ ապա ընդունող երկիր մեկնելու համար դարձյալ տարանցիկ կանգառ նկատեցին Լիբանանը:
Դ. Երեւանից կար նաեւ ուղղակի անցում դեպի եւրոպական քաղաքներ, որոնք հատուկ օրենքներ ունեն ճգնաժամի բերումով իրենց երկրները հայտնված փախստականներին կացարան տրամադրելու, կեցության արտոնագիր շնորհելու եւ նաեւ աշխատանքով ապահովելու: Այս կարգավիճակում են նաեւ սիրիահայեր, որոնց մի մասը Եւրոպա հասել է Երեւանից:
Ե. Արտահոսքի պատճառով Սիրիան թողած հայությունը հիմնական այս ուղղություններով շարժել է եւ այդ շարժունակությունը շարունակում է պահել հատկապես տարանցիկ միջավայրերից դեպի վերջնական կանգառներ մեկնելու ծրագրերով: Շարժունակությունը վերաբերում է նաեւ ներքին տեղափոխություններին, որոնք հատկապես վերաբերում են Հալեպին: Շատ հասկանալի պատճառներով Հալեպից որոշ թիվ մեկնել է Դամասկոս, Քեսաբ, բայց առավելաբար Լաթաքիա, Թարթուս: Հրապարակված տեղեկությունների համաձայն, Քեսաբի տարհանումից հետո, մեծ չէ տարբերությունը վերադարձողների եւ նախքան տարհանումը Քեսաբում ապրող հայերի թվերի: Համեմատաբար նվազ է դեպի Քամիշլի ներքին գաղթականության ընթացքը, չասելու համար, որ գրեթե աննկատ է:
Մինչ, պատերազմի կիզակետին հայտնված Հալեպում համեմատական խաղաղության հաստատման առընթեր շարունակվում է կազմակերպ կյանքը հոգեւոր, միութենական, կազմակերպական մակարդակների վրա. երբ ողբերի շարքին միացողները՝ «Հալեպ մարդ չի մնացել» հայտարարությունները շրջանառության մեջ են դնում, պետք է տեսնեն նաեւ այս իրականությունը. ամենից ցուցիչ եւ ամենից առարկայական թիվը միավորված դպրոցների աշակերտության թիվն է, որը տրամաբանական թվով բազմապատկվելու դեպքում, ճիշտ է` շեշտում է նոսրացումը, բայց շրջում է նաեւ քաղաքի ամայացած լինելու վարկածը։
Մնացողների որոշման շարժառիթները.
Մնացողները իրենց որոշումներին ունեն տարբեր շարժառիթներ:
Ա. Ովքեր խորապես համոզվել են, որ իրենք պետք է շարունակեն կառչած մնալ իրենց ծննդավայրին:
Բ. Ովքեր կալվածներին եւ ունեցվածքին տիրություն անելու պարտավորության տակ են:
Գ. Ովքեր սիրիական բանակում ծառայող զավակներ ունեն։
Դ. Ովքեր տարեց եւ տեղափոխության ի վիճակի չեղող պարագաներ ունեն:
Ե. Ովքեր որեւէ հնարավորություն չունեն:
Այս շարժառիթներն էլ պետք է նկատի ունենան իբրեւ տրամաբանական իրականություն` «ինչու՞ եք դեռեւս մնում»-ի տեսակետը քարոզողները: Իսկ, «ինչու՞ եք դեռեւս համայնքը պահում Հալեպում» հարց տվողները եւս կարող են պատկերացնել, որ համայնքի մնացորդացը ամբողջ քարավաններով, օդանավերով տարհանելը, նույնիսկ եթե որոշվի, ապա իրականացնելը իրատեսական չէ, պարզ այն պատճառով, որ մարդիկ, կամ առնվազն որոշակի հատված իրենց կամքով որոշել են մնալ: Հեռու չէ համոզիչ լինելուց նաեւ այն տրամաբանությունը, որ այլ երկիր մեկնելու միջոցի հնարավորություն չունեցողները նման ճգնաժամերին կարող են տեղափոխվել սիրիական ծովեզերյա քաղաք կամ Քեսաբ, ուր անպայման տեղի հայ համայնքի դասավորումները անպատսպար չեն թողնի եկողները, ինչպես արեցին Լաթաքիայի ազգային մարմինները քեսաբահայությանը:
Այդպես էր նաեւ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Արտահոսքը մնայուն էր, մնայուն էր նաեւ մնացողների երեւույթը, թաղամասերն ու կառույցները պաշտպանողների երեւույթը: Այստեղ անշուշտ տարբերությունը այն էր, որ չկար Հայաստանի անկախ հանրապետությունը: Բայց այդ պայմաններում նույնիսկ կար խորհրդային կարգերով կառավարվող մեր երկրի օժանդակությունը ամենից օրհասական պահերին:
Այդ օժանդակությունը թե՛ հայրենիք հասած սիրիահայերին եւ թե՛ դեպի Սիրիա, այնտեղ մնացող հայրենակիցներին, շարունակվում է: Միջազգային ընտանիքի որոշած եւ հապաղող օժանդակություններից շատ ավելի առաջ, շատ ավելի գործնական եղանակներով: Տարբեր խնդիր է անշուշտ, որ մենք ազգովին որքանո՞վ հաջողեցինք այդ արտահոսքը զանգվածային ձեւով ուղղորդել դեպի հայրենիք, այնտեղ հատկապես աշխատանքի հարցը լուծելով, առանց մոռանալու, որ այդ խնդիրը ամբողջ հայրենաբնակ ժողովրդին էլ է վերաբերում:
Պաշտոնական Երեւանը միջազգային ընտանիքին հիշեցնում էր, որ Հայաստանի Հանրապետությունը թվով երրորդ եւրոպական երկիրն է, որը ընդունել է սիրիացի փախստականներին: Արդեն սկսել է երեւալ, գուցե հապաղած, հայեցակարգային այն մոտեցումը, որը գաղթականներ ընդունելու եւ համապատասխան հավաքական կացարաններ տրամադրելու համար միջազգային ֆոնդերը պետք է ֆինանսավորեն Երեւանին:
Դժբախտաբար, զինվորաքաղաքական իրադարձությունները հուշում են այն, որ աշխարհաքաղաքական օրակարգի վերածված սիրիական պատերազմը եւ Սիրիայի ճակատագրի ճշտումը դեռ մեծ հանգույցների մեջ խճճվել են: Դեռևս ցնցումներ են ակնկալվում եւ ցնցումները իրենց հետ կսփռեն մահ եւ ավեր: Այս բոլորի հետևանքը ավանդական, կազմակերպված ամենից հայատրոփ համայնքի նոսրացումն է, բայց ոչ վերացումը:
Ողբերը, դատապարտումները, օդում արձակված հայտարարողական կրակոցները կացությունից բան չեն կարող փոխել։ Իրատեսական մոտեցումը համոզել է տալիս, որ ո՛չ մեկնողները, ո՛չ էլ մնացողները հայտարարությունների կամ կոչերի շարժառիթներից չեն ընդունում իրենց որոշումները: Մարդիկ կան, որոնք հասկանալիորեն չեն ուզում իրենց ֆիզիկական կյանքերը վտանգված պահել եւ թողնում են իրենց միջավայրը, ամեն գնով: Այստեղ որեւէ մեղադրանք չի կարող լինել: Մարդիկ էլ կան, որոնք տարբեր պատճառներով շարունակում են մնալ: Դրանցից որոշ մասը որոշել է բառացի իմաստով ամեն գնով կառչած մնալ նույն միջավայրին:
Հարցերը միագույն բացատրելը հեռու է առարկայականությունից: Շարժառիթներն ու որոշումները տարբեր են, ինչպես մեկնողների, այնպես էլ մնացողների: Ճգնաժամերի ընթացքում պատասխանատվություններ բարդելու գործով չեն զբաղվում, իսկ բնավ` խուճապ ստեղծելու: Օրհասական պահերի դիմակայումը սառնասրտությամբ հավաքականությունը նվազագույն վնասով դուրս բերելու գլխավոր եւ միակ առաջադրանքն է ունենում: Բոլոր պատասխանատու կողմերի համար: Իսկ պատասխանատու կողմերը թե՛ Հայաստանի Հանրապետությունն է եւ թե՛ ոչ միայն համայնքը, այլեւ համահայկական կառույցները ընդհանրապես:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր