Սպասում էի, որ եվրատեսիլյան հաղթական տրամադրությունները մի քիչ մարեին, որպեսզի անդրադառնայի մի խնդրի ու չպախարակվեի՝ մարդկանց ուրախությունը <<հարամելու>> համար:
Խնդիր, որը մեր հեռուստաեթերի դեգրադացման վկայումն է:
Առհասարակ, մեր բոլոր հեռուստաընկերությունները թերանում են միջազգային միջոցառումները լուսաբանելու հարցում... . այդ դեպքում առավել քան նկատելի է դառնում որոշ հաղորդավարների ոչ պրոֆեսիոնալ, հաճախ անգրագետ մոտեցումը գործին:
Մարդիկ անիմաստ զրույցներով, անհարկի բառերի կրկնությամբ, անիմաստ հումորներով ոչ միայն փորձում մի կերպ լցնել եթերային թանկ ժամանակը, այլև հաճախ անհրաժեշտ դադար չեն տալիս՝ նախապատրաստվելու հաջորդ ելույթի ունկնդրմանը:
Սա մշտապես առկա է, ինչպես նույն հաղորդավարների ձայնը լսելու հոգնեցնող ավանդույթը ...
Այս տարվա Եվրատեսիլի լուսաբանումը նույն չափանիշների մեջ էր, ցավոք. Հանրային հեռուստաընկերությունն այս առումով երբեք մեզ չի զարմացնում, փոխարենը միշտ զայրացնում է նոր ու արտառոց անգրագետ մոտեցմամբ. վերջինի զվարճալի խորհրդանիշն էլ այս տարվա համար դարձավ <<Թալինը>>..., որը մայրաքաղաք Տալինի նոր հայադարձումով տարբերակն է. անգլիացիները Տ-ը չունեն, Թ-են ասում, մենք ունենք, բայց պարզվեց, մենք էլ ենք Թ ասում... Թալին, Թալին մինչև վերջ...հարենապաշտությունը ո՜ւր է հասնում...