▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանը՝ Ալի Խամենեիի մահից հետո

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

 

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի շտապեք Իրանի տապալման հարցում: Խամենեիի մահը լուծում չէ։ Առավել ևս՝ եթե հարցը դիտարկվում է Իրանի ռեժիմի տապալման տրամաբանությամբ։
Իրանը սովորական աշխարհիկ համակարգ չէ։ Այն թեոկրատիա է՝ գաղափարաբանորեն կառուցված կրոնապետություն, որտեղ իշխանության լեգիտիմության աղբյուրը ընտրական մեխանիզմը չէ, այլ աստվածաբանական մանդատը։ Այսպիսի համակարգում առաջնորդը պարզապես քաղաքական դերակատար չէ՝ նա գաղափարի մարմնավորում է, հավատքի խորհրդանիշ։
Աշխարհիկ ռեժիմների տապալման դասական տեսությունները այստեղ մեխանիկորեն չեն աշխատում։ Այստեղ պայքարը ծրագրերի կամ էլիտաների միջև չէ միայն այլ հավատքի, ինքնության և սրբազան ընկալումների դաշտում։ Իսկ հավատքը քաղաքական տեխնոլոգիաներով չի ապամոնտաժվում։
Ավելին՝ հոգևոր առաջնորդի բռնի մահը կարող է տալ բացարձակ հակառակ էֆեկտը։ Թեոկրատական համակարգում նահատակության նարատիվը հզորագույն մոբիլիզացնող ռեսուրս է։ Խամենեիի մահը կարող է վերածվել հանունի մարտիրոսական խորհրդանիշի, որը ոչ թե կթուլացնի համակարգը, այլ կուժեղացնի դրա շուրջ լայն հանրային համախմբումը։ Այդ պարագայում վախը կարող է պարտվել գաղափարին, իսկ արտաքին ճնշումը՝ վերածվել ներքին համախմբման կատալիզատորի։
Պետք է հստակ հասկանալ, եթե խնդիրը ռեժիմի տապալումն է, ապա դա ավտոմատ կերպով չի տեղի ունենալու առաջնորդի սպանության արդյունքում։ Թեոկրատական պետություններում համակարգը վերարտադրվում է ոչ միայն ինստիտուցիոնալ, այլ նախևառաջ գաղափարական հիմքով։ Անձի ֆիզիկական վերացումը չի նշանակում գաղափարի փլուզում այլ հակառակը առասպելացնում և սրբադասում է նրան:
Քաղաքական գործընթացները չեն լուծվում սպանություններով։ Հատկապես երբ խոսքը գնում է գաղափարական պետության մասին։ Ովքեր կարծում են, թե մեկ մարդու մահը բավարար է համակարգը քանդելու և արևմտյան մոդելի պետութուն կառուցելու համար, կամ չեն հասկանում թեոկրատիայի կառուցվածքը, կամ դիտավորյալ պարզեցնում են իրականությունը։ Աշխարհը կառավարում է գաղափարը, իսկ փողը գաղափարն աշխատեցնելու զուտ միջոց է»:

***

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի բնակչությունը սգում է: Տպավորություն է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեի Ալին Մեծ հայ էր, թեպետ, իրականում վերջինս ադրբեջանցի էր: Դա էլ մի կողմ: Անհասկանալի է Հայաստանի բնակչության համակրանքը: Ինչո՞ւ են Հայաստանի բնակիչները համակրում Խամենեի Ալիին և հակակրանք տածում գահաժառանգ Ռեզա Փահլավիի հանդեպ: Որովհետև նրանցից առաջինն ամերիկատյաց է, իսկ երկրորդը` ամերիկացի՞: Լավ, բա այդ դեպքում, ինչո՞ւ են այդ նույն բնակիչները երազում ԱՄՆ-ում բնակվել (սովորել, աշխատել): Եվ, ընդհանրապես, Հայաստանում կա՞ գեթ մեկ բնակիչ, որն Իրան արտագաղթելու (սովորելու, աշխատելու) գոնե թեթև ցանկություն ունենա: Չկա: Զավեշտալին հատկապես այն է, որ Իրանի հոգևոր առաջնորդի «քաղաքականությունը» պաշտպանում են հենց ԱՄՆ-ում բնակվող հայազգի բնակիչներից շատերը: Անհասկանալի է, չէ՞: Ինչ-որ չափով կարելի է հասկանալ հայաստանաբնակ 5-րդ շարասյան «մարտիկներին»: Վերջիններս որոշակի առաջադրանքի շրջանակներում «ֆոն են ստեղծում»: Բա ամերիկաբնակներն ու եվրոպաբնակնե՞րը: Հետո էլ Իսրայելից են բողոքում: Դե, որ զենք չի տալիս: Ախր, ինչո՞ւ Իսրայելը պետք է օգնի կամ զենք տա մի պետությանը, որտեղ բնակչության մեծ մասի կուռքն Իսրայելի և ԱՄՆ-ի թշնամին է և, բացի դրանից` այդ պետությունում տեղակայված է նույն բնակիչների մեկ այլ կուռքի բանակը:
Ի՞նչ ասեմ: Չեմ զարմանա, եթե Հայաստանում էլ Այաթոլլայի մահվան կապակցությամբ սգո օրեր հայտարարվեն: Սա է Հայաստանը, սակայն արդյո՞ք այստեղ մենք մեր տանն ենք: Չգիտեմ: Ի դեպ, շուտով Հայաստանի բնակիչները նոր կուռք են ունենալու:
Այաթոլլա Ալիռեզա Արաֆին նշանակվել է Իրանի առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինս ազգությամբ պարսիկ է: Դե, հիմա պատկերացրեք, թե որքան են Հայաստանի բնակիչները սիրելու նորանշանակ Այաթոլլային: Եթե ազգությամբ ադրբեջանցուն էին այդքան սիրում, ապա ազգությամբ պարսիկին ինչքա՞ն կսիրեն»:

***

Ալի Խամենեիի սպանությունից հետո Իրանի բարձրաստիճան հոգևորականներից այաթոլլա Ալիռեզա Արաֆին կլինի Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը: Այս մասին հաղորդել է Իրանի պետական ​​ISNA լրատվական գործակալությունը։

Այաթոլլա Ալիռեզա Արաֆին նշանակվել է ժամանակավոր ղեկավար խորհրդի իրավաբան անդամ, ով պատասխանատու է գերագույն առաջնորդի պարտականությունները կատարելու համար անցումային շրջանում` մինչև Իրանի սահմանադրական գործընթացի համաձայն իրավահաջորդի ընտրությունը։

Իրանի սահմանադրական մեխանիզմի համաձայն՝ ժամանակավոր խորհրդի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Գոլամխոսեյն Մոխսենի-Էջեին ու Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբան այաթոլլա Արաֆին։

Այս մարմինը համատեղ կղեկավարի երկիրը Խամենեիի մահվանից հետո, քանի դեռ Իրանը անցումային փուլում է։

***

Իրանը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը համարում է բոլոր մուսուլմանների դեմ բաց պատերազմի հայտարարում: IRNA-իփոխանցմամբ հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը այս հանցագործության մեղավորների և հրամանատարների դեմ արյունահեղությունն ու վրեժխնդրությունը համարում է իր օրինական պարտականությունն ու իրավունքը», - ասել է նա։

Իրանի նախագահի խոսքով՝ Խամենեին սպանվել է «աշխարհի ամենադաժան հանցագործների ձեռքով», և նրա մահը իսլամական աշխարհի համար ամենամեծ աղետն է։

***

Իրանի Ղոմ քաղաքի Ջամկարան մզկիթի վրա կարմիր «վրեժխնդրության դրոշ» է բարձրացվել՝ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո։

Այն բարձրացվել է, մասնավորապես, Իսրայելի հետ «12-օրյա պատերազմի» ժամանակ՝ 2025 թվականի հունիսին, ինչպես նաև 2020 թվականին ԻՀՊԿ գեներալ Սոլեյմանիի մահից հետո։

***

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Թեհրանի կենտրոնում գտնվող Իրանի ոստիկանության գլխավոր շտաբին և պետական ​​հեռուստատեսության շենքին։ Իրանի մայրաքաղաքի մի քանի թաղամասերում հրդեհներ են բռնկվել։

***

Պակիստանի Կարաչի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել, հաղորդում է Geo TV-ն։

«Այսօր Կարաչիում ԱՄՆ հյուպատոսության մոտ բռնության սրման հետևանքով՝ ոստիկանության և ցուցարարների միջև, ովքեր բողոքում էին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանության համար, զոհվել է առնվազն ինը և վիրավորվել 18 մարդ», - հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով Կարաչիի հիվանդանոցի պաշտոնյաներին։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին հարվածելուց և նրա գերագույն առաջնորդի մահից հետո Թեհրանի հետ համաձայնության գալն ավելի հեշտ է դարձել։

«Հիմա շատ ավելի հեշտ է դրան (դիվանագիտական ​​լուծմանը – խմբ.) հասնելը, քան մեկ օր առաջ էր», - ասել է նա CBS-ին։

Թրամփի խոսքով՝ իրենք սպասում են Թեհրանի պատասխան արձագանքին։ Նա նաև պնդել է, որ Իրանը «շատ է տուժել» հարվածներից։

***

Իրանը հաստատել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:

Այաթոլլահ Խամենեին 37 տարի ղեկավարել է Իրանը և մուսուլմանական Ումման՝ 1989 թվականին Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահից հետո։

***

Իրանի կառավարությունը հայտարարել է 40-օրյա սուգ և յոթօրյա պետական ​​տոներ՝ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

***

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին և պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն զոհվել են Պաշտպանության խորհրդի նիստի վայրում ավիահարվածի հետևանքով, հայտնել են Fars լրատվական գործակալությունը և IRNA պետական ​​լրատվական գործակալությունը։

Զոհվածների թվում են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Մոհամմադ Պակպուրը և Գերագույն գլխավոր հրամանատարի և Պաշտպանության խորհրդի քարտուղարի խորհրդական, ծովակալ Ալի Շամխանին։

***

Tasnim-ի փոխանցմամբ՝ իրանցիները բողոքի ցույցեր են անցկացնում Իսլամական Հանրապետության առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո՝ Էնգելաբ հրապարակով շարժվելով դեպի Թեհրանի կենտրոն։

Ըստ Fars լրատվական գործակալության՝ հրապարակում հավաքված մարդիկ վանկարկում են «մահ Ամերիկային» և «մահ Իսրայելին» կարգախոսներ։

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցավալիորեն, Միացյալ Նահանգների և դաշնակիցների կողմից մեր տարածաշրջանում և հարակից գոտիներում տիրող բռնապետական վարչակերգերի տապալմանը հետևել են ներքաղաքական, ազգամիջյան և ներկրոնական երկարատև արյունալի բախումներ՝ խլելով հարյուր հազարավոր կյանքեր և պատճառել միլիոնավորներ փախստականների հոսքերի...
Հուսանք, Իրանը կխուսափի այդ ամենից, որովհետև դրա հետպատերազմյա ազդեցությունը կարող է նաև Հայաստանի վրա ազդել:
Նշենք մի քանի բռնապետական երկիր, որտեղ տասնամյակների առաջնորդների տապալումից հետո անգամ խաղաղություն չի եկել և ժողովրդավարություն չի հաստատվել՝ Աֆղանստան, Սիրիա, Իրաք, Լիբիա...
Բարգավաճ Իրանը կարող է Հայաստանի համար դառնալ կարևոր տնտեսական, էներգետիկ, առևտրային, զբոսաշրջային գործընկեր:
Հետաքրքիր է՝ ԱՄՆ-ն և Իսրայելը հակված են ամբողջովին տապալե՞լ իսլամական համակարգը և ներդնել աշխարհիկ իշխանություն, ինչպես էր նախքան հեղափոխությունը՝ Շահի ժամանակ, թե՞ բարեփոխումներ և նոր իսլամական էլիտա է գալու:
Հիշեցնենք, որ Իրանը բազմազգ պետություն է, որտեղ 90 միլիոն բնակչությունն ունի մոտավոր հետևյալ պատկերը.
պարսիկներ կամ ֆարսի - 60 տոկոս
թյուրքախոս ազերիներ - մինչև 25 տոկոս
սորանի քրդեր - մինչև 10 տոկոս,
ինչպես նաև՝ լուրեր, արաբներ, թալիշներ և այլք...»:

***

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանում թիրախների դեմ հարվածների ալիքի մեկնարկի մասին։

««Առյուծի մռնչյուն» գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածների շարք են հասցրել Թեհրանում գտնվող իրանական ռեժիմին պատկանող թիրախներին։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ հարվածներ են հասցրել՝ օդային գերակայություն հաստատելու և Թեհրանի համար ճանապարհ հարթելու նպատակով»։

***

Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ավելի քան 20 ամերիկյան բազաների, Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) հրամանատարական շենքի և Թել Ավիվի պաշտպանական համալիրի, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC):

«Իրանական բանակի թիրախների թվում էին տարածաշրջանում գտնվող 27 ամերիկյան բազաները, Իսրայելի բանակի գլխավոր հրամանատարության շտաբ-բնակարանը և Թել Ավիվի խոշոր պաշտպանական արդյունաբերական համալիրը», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԻՀՊԿ-ն «թույլ չի տա լռեցնել սիրենաները» Իսրայելում և ամերիկյան բազաներում և կձեռնարկի «ավելի հզոր հարձակում թշնամու օբյեկտների և թիրախների վրա»։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացում է հղել Իրանին, որը պատրաստվում է նոր հարձակումների ալիքի։

«Թեհրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ ուժեղ հարված է հասցնելու։ Բայց նրանք չպետք է դա անեն, հակառակ դեպքում մենք նրանց կհարվածենք աննախադեպ ուժով», - գրել է նա Truth Social-ում։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն և Իսրայելը հասել են առաջին էտապի պլան մաքսիմումին, հաջորդիվ փորձելու են ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի փլուզվի կառավարման համակարգն Իրանում և Իսլամական Հանրապետությունը վերաֆորմատավորվի որպես աշխարհիկ պետություն։ Սա ԱՄՆ-ի և Իսրայելի պլան մաքսիմումն է։
ԱՄՆ-ի համար իր եվրասիական ռազմավարական գերակայությունն ապահովելու համար անհրաժեշտ է Իրանի հետ դաշինք, այնպես, ինչպես կար 1979 թվականից առաջ։ Կարող եք սա անվանել նաև պատմական ռևանշ իսլամական հեղափոխության նկատմամբ, որով ավարտվեց Եվրասիայի սրտում` Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հեգեմոնիան։
Մյուս կողմից` ԱՄՆ-ի համար ամենաանցանկալի սցենարը Իրանի մասնատումն է, որը կնվազեցնի ԱՄՆ-ի ռազմավարական համակարգված և կենտրոնաձիգ գերիշխանության հաստատման հնարավորությունը։
Աստված պահպանի բարեկամ ժողովրդին, և ինչ էլ լինի, թող որ լինի ի շահ Իրանի ժողովրդի։
Իսկ մենք պարտավոր ենք աշխատել ցանկացած իշխանության հետ, որը կլինի Իրանում»:

***

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ՝ փետրվարի 28-ի առավոտյան, մեր տարածաշրջանը մտավ նոր՝ վտանգավոր փուլ։ Սկսվեց այն, ինչ երկար ժամանակ կանխատեսվում էր, բայց որի իրական հետևանքները դեռևս ամբողջությամբ դժվար է գնահատել: ԱՄՆ–Իսրայել հարվածները Իրանի ուղղությամբ փաստացի բացեցին լայնածավալ ապակայունացման դուռը։
Տարածաշրջանը եռում է։ Ոչ թե փոխաբերական, այլ բառի ամենաուղիղ իմաստով։
Եվ այս ֆոնին նայում ես Հայաստանի իշխանությունների հրապարակած լուսանկարներին ու, անկեղծ ասած, մի պահ կարկամում ես։ Մինչ աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը տեղափոխվում է մեր անմիջական հարևանություն, մինչ մեծ խաղացողները վերաձևում են աշխարհը, Հայաստանի իշխանությունները զբաղված են նախընտրական «էքսկուրսիաներով»՝ ավտոբուսներով, ժպիտներով, պերաշկի ծամելով և իրականությունից կտրված տեսարաններով։
Այստեղ խնդիրը նույնիսկ քաղաքական հակադրությունը չէ։ Խնդիրը՝ ադեկվատության բացակայությունն է։
Երբ տարածաշրջանում հրդեհ է բռնկվում, պետության ղեկավարը պարտավոր է լինել ոչ թե քարոզարշավի ռեժիմում, այլ՝ ճգնաժամային կառավարման կենտրոնում։ Պարտավոր է հաշվարկել ռիսկերը, հասկանալ հաջորդ քայլերը, ապահովել երկրի անվտանգային, տնտեսական և դիվանագիտական դիրքավորումը։
Իրանը մեր անմիջական հարևանն է։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող «արտաքին» լինել Հայաստանի համար։ Սա ուղիղ ազդեցություն ունի մեր անվտանգության, հաղորդակցությունների, էներգետիկ կայունության և նույնիսկ պետականության հեռանկարի վրա։
Այսօր տարածաշրջանում սկսվել է մի գործընթաց, որի տրամաբանությունը պարզ է՝ ուժերը վերադասավորվում են, խաղի կանոնները փոխվում են, և թույլ պետությունները դառնում են առաջին հարվածի տակ հայտնվող օբյեկտներ։
Հարցը պարզ է՝ Հայաստանը այս գործընթացում սուբյե՞կտ է, թե՞ դիտորդ։
Կամ ավելի ճիշտ՝ կարո՞ղ է լինել սուբյեկտ մի իշխանության պայմաններում, որը նույնիսկ չի արձանագրում վտանգի իրական չափն ու մնում է անհաղորդ` ցուցադրելով վտանգավոր անգործություն:
Պետականությունը չի հանդուրժում գիտակցված կամ չգիտակցված իշխանական անլրջություն։ Պատմությունը՝ առավել ևս»։

Դիտեք նաև՝

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունները խոր մտահոգություն են առաջացնում՝ ինչպես համամարդկային ողբերգության տեսանկյունից, այնպես էլ այն հստակ կանխատեսմամբ, որ դրանց հետևանքներն անխուսափելիորեն անդրադառնալու են նաև Հայաստանի վրա։ Բարեկամ Իրանում տեղի ունեցող լարվածությունն ու պատերազմական զարգացումները, մարդկային կորուստներն ու լայնածավալ ավերածությունները փաստում են, որ տարածաշրջանը թևակոխել է նոր՝ վտանգավոր և անկայուն փուլ։
Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների վարքագիծը չի կարող սահմանափակվել չեզոք դիտորդի դիրքորոշմամբ կամ ընդամենը քաղաքական հայտարարություններով։ Պետությունը պարտավոր է մշակել հստակ և իրատեսական սցենարներ՝ իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի համար։
Անհրաժեշտ է պատրաստ լինել մարդասիրական մարտահրավերներին՝ հնարավոր փախստականների ընդունման, ժամանակավոր կեցության կազմակերպման, սոցիալական և այլ աջակցության տրամադրման հարցերում։
Միաժամանակ պետք է նախապես գնահատել տնտեսական ռիսկերը և դրանց ազդեցությունը երկրի ներսում։ Տարածաշրջանային լարվածությունը կարող է հանգեցնել գնաճի, մատակարարումների խափանումների, էներգետիկ և լոգիստիկ խնդիրների, ներդրումային միջավայրի վատթարացման։
Միայն նախապատրաստված և նախաձեռնող պետությունն է կարողանում նվազեցնել արտաքին ցնցումների ազդեցությունն ու պաշտպանել սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը։
Թող մարդկային կյանքի արժեքը, խաղաղությունն ու ողջախոհությունը լինեն բոլոր կողմերի կայացրած որոշումների առանցքում»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին