ԱԺ-ում շարունակվեց ՄԻՊ զեկույցի քննարկումը: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատում է. ՀՀ-ում չկա մի ոլորտ, որտեղ չեն խախտվում մարդու իրավունքները:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում, ըստ վիճակագրության, կա մեկ միլիոնից ավելի աղքատ մարդ, բայց բոլոր պալատական, կիսապալատական, անկախ սոցիոլոգիական հարցումներով բնակիչները դժգոհում են առաջին հերթին ոչ թե աղքատությունից, այլև անարդարությունից, դատական համակարգում առկա կոռուպցիայից:
«Չեմ կարծում, որ կգտնվի մեկ քաղաքացի, ով կասի, որ մեր դատական համակարգը արդար է, և որ դատարանները քաղաքական պատվեր չեն կատարում: Եթե գտնվի՝ նրան կընդգրկենք Գինեսի ռեկորդների գրքում որպես բացառիկ այլ տրամաբանություն ունեցող քաղաքացի»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշում է՝ հնարավոր չէ բացատրել, թե ինչպես կարելի է անչափահաս երիտասարդ Շահեն Հարությունյանին 4 տարի պայմանական ազատազրկման դատապարտել, մինչդեռ Սյունյաց արքունիքում առկա հանցագործները մեկ օր անգամ պատժի չներկայացվեցին, կոնկրետ հանցագործության համար պատժի չենթարկվեցին:
Զոհրաբյանն անդրադարձավ վերջերս Սյունիքի մարզպետի խորհրդականի այն հայտարարությանը, թե եթե մեկը (նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանին) փորձի իրեն սպառնալ, նրա համար արյան բաղնիք կսարքվի.
«Հասկանում եմ, որ Սյունիքի մարզպետի առօրյա ռեժիմում է ահաբեկելը, սպառնալը, սպանելը, կրակելը, վախեցնելը...Նրա տարեգիրը մտքի գոհարները այդ կերպ պետք է շարադրեր: Հայտնի խոսք կա՝ ուժը ուժ է ծնում, եւ այդ խորհրդականը կարող էր այդպես խոսել միայն իշխանությունների հովանու ներքո».-եզրափակեց պատգամավորը:
Անի Կարապետյան