▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում վերահսկելի «թեժ» է եղել

Կապվեցի Սյունիք՝ ընկերոջս:

Ուզում էի իմանալ՝ երեկ իրականում ինչ է կատարվել Սիսիանում ու Կապանում, որտեղ Եռյակը հանարհավաքներ է անցկացրել՝ հոկտեմբերի 10-ին ընդառաջ:
Նախ, պետք է արձանագրել, որ Սյունիքը հատկապես ինտրիգային թատերաբեմ է, եթե հաշվի առնենք, որ օրեր առաջ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել էր մարզպետ, իսկ ընդդիմությունն էլ իր հանրահավաքային շարքի մեկնարկին՝ Աբովյան քաղաքում, խիստ քննադատության էր ենթարկել այդ նշանակումը:

Մի խոսքով, սպասվում էր, որ իշխանությունն ու Եռյակն իրենց առաջին լոկալ «մարտը» կունենան հենց Սյունիքում:Կանխատեսումներն արդարացան, սակայն ամեն ինչի մասին՝ հերթականությամբ:Նախ, Եռյակը պատահաբար չէր պլանավորել Սյունիքի այն քաղաքները, որոնցում հանրահավաք պետք է անցկացներ:

Սիսիանը «յուրային» քաղաք է, որովհետև քաղաքապետ Վահե Հակոբջանյանը ԲՀԿ անդամ է, իսկ Ղափանը մարզկենտրոնն է, որը շրջանցելը՝ կոռեկտ չէր լինի:
Ընդդիմադիրները շրջանցել էին Գորիսը, որտեղ հատկապես ամուր են Սուրիկ Խաչատրյանի դիրքերը:Սյունիքի իմ աղբյուրն ասում է, որ Սիսիանում հավաքվել է 800, Ղափանում՝ 900 մարդ:Չգիտեմ՝ սա լավ է, թե՝ ոչ:Այդ վերլուծությունը պետք է հանրահավաքի կազմակերպիչներն անեն:Համենայն դեպս, տեսանելի է, որ վերանշանակված մարզպետը վերահսկում է իրավիճակը՝ ոչ միայն ղափանյան իր ներկայությամբ, այլ նաև երիտասարդների խմբերով, որոնք մերդընդմերթ Երևանից ժամանածներին կոչ են արել՝ հեռանալ: Նույնիսկ լոկալ բախումներ են եղել:
Հիմա գանք բովանդակային մի քանի եզրահանգման:

Սյունիքում ու մյուս բոլոր մարզերում կազմակերպչական ծանրությունն ընկած է ԲՀԿ-ի վրա ու հաջողված են այն հանրահավաքները, որոնցում Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը կարողանում է արդյունավետ օգտագործել վարչական ազդեցությունը(դատեք ինքներդ՝ Ղափանը Սիսիանից մի քանի անգամ մեծ է, բայց հանրահավաքների մասնակիցների թիվը գրեթե նույնն է եղել):
Այնուամենայնիվ, հարթակում գերիշխում է ՀԱԿ-ի հեղափոխական հռետորաբանությունը. նախ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները միտինգային ավելի մեծ փորձ ունեն, հետո՝ հասարկության համար՝ հեղափոխական լոզունգներն ավելի գրավիչ են, քան՝ չափավոր ընդդիմադիր ելույթները:

Այստեղ պարադոքս կա. հավաքված ժողովուրդը վանկարկում է «Ծառուկյան»(հենց նրա գործոնն էլ մարդկանց հրապարակ է բերում), բայց նրան ավելի սրտամոտ են արմատական կարգախոսները:Ենթադրում եմ, որ այդ հեղափոխականությունն այնքան էլ Ծառուկյանի սրտով չէ ու ՀԱԿ-ում երեկ, գուցե այդ պատճառով, կազմային ռոտացիա էր իրականացվել. Սյունիք չէին մեկնել Լևոն Զուրաբյանն ու հատկապես Արամ Մանուկյանն, ում Աբովյանի ելույթը, դրանում վիրավորական շեշտադրումները բուռն քննարկման թեմա էին դարձել սոցցանցերում:

Մի բան հստակ կարող եմ ասել. Լևոն Զուրաբյանը պարտավոր էր Ղափան գնալ, որովհետև նա էր այն հայտնի թեզի հեղինակն, որ ամբողջ իշխանությունը «Լիսկա» դարձավ՝ Սուրիկ Խաչատրյանի նշանակումից հետո:Ինչևէ, ՀԱԿ փոխնախագահը Սյունիքում չէր: Դա, իհարկե, չխանգարեց, որ նրա գործընկերները իշխանափոխություն պահանջեն կամ քննադատեն Սուրիկ Խաչատրյանին, սակայն սահմանադրական փոփոխություններին ընդդիմանալն առաջնահերթ դարձնելով՝ Եռյակը տակտիկական սխալ է թույլ տալիս, որովհետև առնվազն 1,5 տարի դժվար է դիմանալ իշխանության հետ մղվելիք ռեսուրսային անհավասար պայքարում՝ մանավանդ, որ Սյունիքի հանրահավաքները ցույց տվեցին, որ «վերևները» վերահսկում են իրավիճակը...

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին