▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սպասենք նոր խայտառակ զիջումների ու նվաստացումների»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համոզված եմ, որ այս փաստաթուղթը Նիկոլի իշխանության հերթական հակահայկական և թրքամետ փաստաթղթերից մեկն է...
Դրա ապացույցն է՝ որ ստորագրումը գաղտնի էր պահվում և ինչպես և բոլոր հակահայկական փաստաթղթերը գաղտնի է պահվում դրա բովանդակությունը...
Սպասենք նոր խայտառակ զիջումների և նվաստացումների...
Ժողջանի ժողվրչոն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը...

***

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի ԱԳՆ հայտարարել է, որ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովները ստորագրել են աշխատանքի կանոնակարգը և այն սկսել է երկրներում ներպետական հաստատումների փուլ:

Այս տեղեկության առնչությամբ հատուկ ուշադրության է արժանի երկու հանգամանք: Նախ, ապրիլի 19-ի հայտնի համատեղ հայտարարությամբ, որ վերաբերում էր Կիրանցի հատվածին, Հայաստանն ու Ադրբեջանը նշում էին, որ կանոնակարգը պետք է հաստատվի մինչև ապրիլի 1: Բայց, այն փաստորեն ստորագրվում է միայն օգոստոսի 30-ին, այսինքն, երկու ամիս ուշացումով:

Ի՞նչն էր այդ ուշացման, ձգձգման պատճառը: Սրա մասին հրապարակային տեղեկատվություն չկա, ինքս չունեմ ինսայդ տեղեկատվություն, թե ինչ պատճառով է հաստատումը ձգվել երկու ամիս:

Դրա ստորագրման մասին հայտարարության ուշադրության արժանի մյուս հանգամանքը այն է, որ, փաստորեն, կանոնակարգը ստորագրվում է ՌԴ նախագահ Պուտինի այսպես ասած զանգերից հետո, որոնք հաջորդել էին օգոստոսի 19-ին Բաքու կատարած նրա այցին: Բաքվում Պուտինն ազդարարեց, որ խոսակցության արդյունքի մասին կիրազեկի Փաշինյանին: Օգոստոսի 23-ին, ի դեպ՝ Հայաստանի Անկախության հռչակագրի տարեդարձի օրը, Պուտինը զանգահարեց Փաշինյանին:

Նրա հետ հեռախոսազրույցից չորս օր անց էլ՝ օգոստոսի 2-ին, նա հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ: Ընդ որում, Պուտինը դեռևս օգոստոսի 19-ին Բաքվում էր նշել, իսկ հետո հեռախոսազրույցների մասին Կրեմլի հաղորդագրություններում էր շեշտվում, որ Ռուսաստանը պատրաստակամ է օգնել փոխադարձ ընդունելի համաձայնությունների հասնել խաղաղության պայմանագրի հարցում, սահմանազատման և սահմանագծման հարցում, հաղորդուղիների ապաշրջափակման հարցում՝ «եթե կողմերը դեմ չեն»:

Որքա՞ն է Պուտինի զանգերի դերը՝ կանոնակարգի ստորագրման հարցում: Եթե դա հեռախոսազրույցների արդյունքում ստացված ստորագրություն է, ապա է՞լ ինչ համաձայնություններ կամ շղթա է ենթադրում այն, թե՞ այս պահին պարզապես «միանվագ» համաձայնություն է, որը միտված է սահմանային հարցերում իրավիճակի կառավարման ավելի երկարաժամկետ մեխանիզմ ձևավորելուն, որպեսզի նվազի սահմանային միջադեպերի ռիսկը:

Այստեղ էական է, թե ի՞նչ սկզբունքներ է ենթադրում ստորագրված կանոնակարգը, եթե նկատի ունենանք այն վերապահումը, որ կար ապրիլի 19-ի հայտարարության մեջ: Հիշեցնեմ, այնտեղ հիշատակվում էր, որ համաձայնությունը Ալմա Աթայի հռչակագրի «հիման վրա» է, բայց նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացման ամբողջական սկզբունքը կհամապատասխանեցվի խաղաղության պայմանագրի տեքստով ամրագրված սկզբունքին: Այլ կերպ ասած՝ այսօր (ապրիլի 19-ին), պայմանավորվում ենք Ալմա Աթայով, սակայն սահմանի մյուս հատվածներում կարող է գործել այլ սկզբունք:

Հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգը որևէ բան ենթադրու՞մ է այդ առումով, թե՞ այն զուտ տեխնիկական փաստաթուղթ է»:

***

Այսօր հրապարակվեց պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը ստորագրվել է։ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին։ Հարցուպատասխանը՝ ստորև.

Հարց - Ըստ 2024 թվականի օգոստոսի 30-ի մամուլի հաղորդագրության, հանձնաժողովների համատեղ գործունեության մասին Կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Որտե՞ղ է տեղի ունեցել ստորագրումը։

Պատասխան – Կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։

Հարց- Ե՞րբ կհրապարակվի Կանոնակարգի տեքստը։

Պատասխան – Փաստաթուղթը սահմանված կարգով հրապարակային կդառնա առաջիկա երկուշաբթի, ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։ Կանոնակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, եւ այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:

Հարց - Ինչո՞ւ փաստաթուղթը հիմա չի հրապարակվում։

Պատասխան – Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ, ըստ էության, կանխապես բացահայտվել է փաստաթղթի առանցքային քաղաքական բովանդակությունը։ Փաստաթղթի ավելի ուշ հրապարակումը կապված է երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ։

Հարց – Ինչո՞ւ չպահպանվեց պայմանավորվածությունը մինչև 2024թ. հուլիսի 1-ը Կանոնակարգի նախագիծը համաձայնեցնելու վերաբերյալ։

Պատասխան – Հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովները մի քանի անգամ արդեն փոխանակված են եղել Կանոնակարգի նախագծի աշխատանքային տարբերակներով և առաջարկներով, սակայն բանակցությունների համար փաստացի մի փոքր ավելի շատ ժամանակ պահանջվեց նախագիծը վերջնական համաձայնեցնելու և ստորագրելու համար:

Հարց – Ե՞րբ կիրականացվի սահմանազատման հաջորդ փուլը և սահմանի ո՞ր հատվածում։

Պատասխան – Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը:

Հարց – Արդյոք սահմանազատումը նույն սկզբունքով է շարունակվելու նաև սահմանի մնացյալ հատվածներում։

Պատասխան – Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով եւ տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաեւ Կանոնակարգում։

Հարց - Որքա՞ն ժամանակ կարող է տեւել վավերացման գործընթացը:

Պատասխան - Ինչպես արդեն նշեցինք, փաստաթղթի վավերացման ընթացակարգի շրջանակներում այն ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար: ՍԴ դրական դիրքորոշման առկայության դեպքում այն արդեն կներկայացվի ԱԺ վավերացմանը:

***

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասված է․

2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:
2024 թվականի օգոստոսի 30-ին Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին