Լույս է տեսել լրագրող, հրապարակախոս Նվարդ Ալեքսանյանի «Սպանված պատերազմը» ժողովածուն, որն ամփոփում է հեղինակի տարբեր տարիների ակնարկները, դիմանկարները և հարցազրույցներ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, գրքում ընդգրկված ստեղծագործություններում խտացված է Արցախի վերջին տասնամյակների պատմությունը՝ ազգային ու մարդկային տառապանքի, ընդվզումի, ոգորումների և հերոսականության, սիրո ու նվիրումի, ազատ ու խաղաղ արարման ձգտումների յուրովի դիտարկվող նրբերանգներով:
Ժողովածուն բաղկացած է երեք թեմատիկ բաժիններից՝ «Ժամանակ չառնող երկիր», «Սպանված պատերազմը» և «Սահմանը սրտի միջով»: Առաջին երկու բաժինների հարցազրույցները և ակնարկներն Արցախում ապրող և արարող այն մարդկանց մասին են, ովքեր անցել են 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի արցախյան դեպքերի ու իրադարձությունների ոչ միանշանակ փորձությունների միջով, իսկ երրորդում հեղինակը կերտել է Արցախյան ազատամարտում հանուն հայրենյաց կյանքն անձնվիրաբար զոհաբերած ազատամարտիկների անմոռաց կերպարները:
Հեղինակի խոսքով, գրքում զետեղված ակնարկաշարերի համար հիմք են ծառայել Արցախի համար նշված ժամանակաշրջանի բուռն ու բախտորոշ իրադարձությունների բովում հայտնված մարդկային ճակատագրերը, որոնց նա անմիջականորեն առնչվել է ռադիոլրագրողի իր մասնագիտության բերումով և, առանձնապես, այդ իրադարձություններին ականատես ու մասնակից արցախցու հոգու մղումով:
«Սպանված պատերազմը» ժողովածուն առհասարակ պատերազմների ու դրանց հետևանք մարդկային ողբերգությունների դեմ ուղղված հոգու ճիչ ու բողոք է:
Գիրքը, որը խմբագրել է Միքայել Հաջյանը, լույս է տեսել հեղինակային հրատարակությամբ՝ «Դիզակ պլյուս» հրատարակչության տպարանում, 250 օրինակ տպաքանակով: Այն հնարավոր է ձեռք բերել Ստեփանակերտի գրախանութներից կամ հեղինակից: