Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը վրդովված է նույն դպրոցի 10-ի 6 դասարանի աշակերտի մասին այսօր համացանցում տարածված տեղեկատվության առիթով:
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտագեր Նունե Կարապետյանը գրառում էր կատարել, համաձայն որի` 114 ավագ դպրոցի աշակերտ Արմեն Խաչիկի Մանուկյանը, ով ՀՀԿ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի որդին է, զվարճանալու ավելի լավ ձև չի գտել, քան կերով կատվի ձագերին մոտ կանչելը և հսկայական շանը ձագուկների վրա բաց թողնելը: Նունե Կարապետյանը նաև նշել էր, որ 3 օր առաջ իր կատվի ձագուկներց մեկը այս ամենի հետևանքով սատկել է:
Asekose.am-ի լրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրենը և նրա աշխատասենյակում գտնվող աշակերտ Արմեն Մանուկյանը նշել են, որ գրառումն իրականությանը չի համապատասխանում:
«Խոսքը փողոցային կատվի ձագերի մասին է, որոնց այդ գրառումը կատարող կնոջ հետ Արմենը ամեն օր կերակրել է: Արմենը շուն ունի, ու շունը, երբ տեսել է, որ Արմենը բակում է, մոտեցել է նրան: Քանի որ շունը ջրից վախենում է և բակի ծաղիկներն այդ պահին ջրելիս է եղել Արմենենց կողքի հարևանը, շունը սկսել է փախչել, կատվի ձագուկն էլ, երբ տեսել է շանը, երևի վախեցել է, սկսել է վազել ու ընկնելով` վնասվել է»,-մեզ հետ զրույցում նշել են տնօրենն ու աշակերտը:
Տնօրեն Ռուզաննա Կոստանյանը նաև հավելել է, որ երեխան ինքն է կենդանի պահում, ճնճղուկներ ունի, իրենց բակի կատուներին էլ միշտ կերակրում է, այսինքն` շատ կենդանասեր է, տրամաբանություն չկա` ինչու պետք է այդպես վարվեր:
«Հետո այս երեխային, որ տեսնեք ինքն ընդհանրապես շուն գազազացնողի ոչ դեմք, ոչ էլ հոգեբանություն ունի: Շատ լավ ու բարի տղա է: Ուղղակի զարմանում եմ` մարդն ինչքան պարապ պետք է լինի ու բանուգործ չունենա, որ նստի նման գրառումներ անի»,- եզրափակել է Ռուզաննա Կոստանյանը: