Եվրոպական խորհրդի օգոստոսի 30-ի նիստում միաձայն որոշմամբ խորհրդի հաջորդ նախագահ նշանակվեց Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը: Նա երկրորդ անձն է, որ ստանձնում է այդ պաշտոնը: Առաջինն այդ պաշտոնը ստանձնել է Հերմանվան Ռոմպույը 2009թ-ին:
«Ես Բրյուսել եմ գալիս մի երկրից, որը խորապես հավատում է միացյալ Եվրոպային: Իմ հայրենակիցների 80 տոկոսը հավատում են, որ Եվրոպական Միությունն իմաստ ու նպատակ ունի, և դրան այլընտրանքներ չեն փնտրում»,- ընտրվելուց հետո իր առաջին ելույթում ասել է Տուսկը:
Այս նշանակումն իր լայն արձագանքն է գտել նաև եվրոպական մամուլում: Գերմանական Der Spiegel-ն, օրինակ, մատնանշում է այն տնտեսական առաջընթացը, որ Լեհաստանն արձանագրել է Դոնալդ Տուսկի կառավարման տարիներին: Անգլիական Sunday Telegraphy-ը Եվրոպական խորհրդի նոր նախագահին անվանում է «բարեփոխիչ քաղաքական գործիչ»: «Սոլիդարնոստի մարդը դարձավ Եվրոպական խորհրդի նախագահ»,- գրում է իտալական Il Sole-24 Ore-ն: Թերթը նաև շեշտում է այն ձեռքբերումները, որ արձանագրել է Լեհաստանը տնտեսության ոլորտում` մատնանշելով եվրոպական հիմնադրամներից ստացած գումարների նպատակային օգտագործումը: Պորտուգալական Publico թերթն էլ կարծում է, որ Տուսկի նշանակումը կխթանի ԵՄ քաղաքականության ակտիվացումը արևելյան ուղղությամբ`միաժամանակ շեշտելով, որ այս քայլը կուժեղացնի նաև Վեյմարյան եռանկյունու երկրների`Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի դերը:
Լեհաստանի վարչապետի պաշտոնում Դոնալդ Տուսկը այցելել է Հայաստան 2010թ-ի մարտին: Այցի ընթացքում Լեհաստանի վարչապետը հանդիպումներ էր ունեցել Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ և համատեղ մամուլի ասուլիս իր գործընկեր Տիգրան Սարգսյանի հետ: Դոնալդ Տուսկը այցելել էր նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծունրդրել անմար կրակի առջև: