Երազիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Նայեք, մեր լեզվի մեջ ինչքան ցավ կա»,- ասում է «Կերպարից դուրս» հաղորդաշարի հյուր Սոֆի Դևոյանը։ Ակամա լարվում ես։ Ի՞նչ ցավի մասին է խոսքը։ Չհնչած հարցի պատասխանը չի ուշանում․ «Ամուսնացավ, հարստացավ, հիվանդացավ, երջանկացավ։ Սաղ ցավ ա»։ Քանի որ կարծիքը հնչել է Հանրային հեռուստատեսության լուռ համաձայնությամբ, ասենք, որ Սոֆի Դևոյանը սխալվում է։ Որպես օրինակ բերված բառերը ցավի հետ ոչ մի կապ չունեն։ Դրանք այս բայերի անցյալ կատարյալ ժամանակաձևն են, այլ ո՛չ հոդակապով բարդություն։ Բայը ունի երեք դեմք։ Սա երրորդն է։ Առաջին դեմք՝ ամուսնացա, երկրորդ դեմք՝ ամուսնացար, երրորդ դեմք՝ ամուսնացավ։ Վերջինիս հոգնակին կլինի՝ ամուսնացան, և սա էլ ոչ մի կապ չունի ցանի հետ։ Բայց Սոֆի Դևոյանը միայն այս «ցավից» չի բողոքում։ Ասում է․ «Ինչո՞ւ մեր դրամը էսօր, եթե հակառակ կարդանք, մարդ ա»։ Այս մասին կարելի է միայն կատակել, ընդ որում՝ երկկողմանի․ կատակ-ը ձախից աջ և աջից ձախ «կատակ» է կարդացվում։
Սոֆի Դևոյանը նաև առաջարկում է փոխել մեր «գիմնը»։ Խոսքը օրհներգի մասին է (օտար բառով՝ հիմն)։ Եվ դարձյալ՝ Հանրայինի ժպտուն ու լուռ համաձայնությամբ։ Միայն օրհներգը չէ․ հաստա՛տ էլի ինչ-որ կարևոր բան փոխել է պետք»։