ՄեդիաHub-ը գրում է․ «Անցյալ տարի սեպտեմբերի 23-ին Երևանում պետք է տեղի ունենար ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի երևանյան համերգը, սակայն, Արցախում ողբերգական իրադարձություններով պայմանավորված, այն հետաձգվեց։
Շուրջ 6 մլն դոլար ռեփերին վճարած իշխանություններն ենթարկվեցին կոշտ քննադատության։ Այս ողջ ընթացքում պաշտպանվելով քննադատությունից՝ ԿԳՄՍ նախարարը տարբեր ժամկետներ էր նշում, թե երբ է համերգը կայանալու: Նպատակը մեկն էր՝ ապացուցել, թե Փաշինյանի կառավարությունը միլիոնավոր դոլարների մսխում չի կատարել:
Այդպես, ամիսներ առաջ հայտարարվեց, թե համերգը տեղի կունենա հունիսին, սակայն կրկին, «как и ожидалось», այն տեղի չունեցավ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ–ում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նոր ժամկետ հնչեցրեց.
«Այս տարվա ընթացքում սպասում ենք կազմակերպության կողմից առաջարկների։ Ժամկետի հետ կապված 3 առաջարկ պետք է ներկայացնեն։ Մենք կընտրենք ամենանպատակահարմարը համերգը կազմակերպելու համար։ Նախնական ունենք տպավորություն, որ դա կարող է օգոստոսին լինել, և սպասում ենք գրավոր առաջարկի, որպեսզի կարողանանք հայտարարել»,- ասել էր ԿԳՄՍ նախարարը։
Կայքը կապ էր հաստատել կազմակերպիչ՝ Doping space ընկերության հետ, որտեղից հավաստիացրել էին, որ այս ամառ համերգը անպայման տեղի կունենա: Ապա, իրենց կայքում նշել էին, որ համերգը տեղի կունենա օգոստոսին։
Կայքում նշվում է, որ միջոցառումն իրականացվում է ՀՀ Կառավարության հովանու ներքո։ Եվ այս հրաշալի հովանու ներքո ԿԳՄՍ նախարարը, կազմակերպիչ ընկերությունը փորձում էին ամբողջ տարվա ընթացքում «տակից դուրս գալ», ինչը նրանց մոտ այդպես էլ չստացվեց. ամառը վերջացավ, Snoop Dogg-ը քաշեց Ժաննա Անդրեասյանին ու այդպես էլ չեկավ:
Ավելին, վստահ ենք, որ չի էլ գալու:
Ուշագրավ է այն, որ արդեն սեպտեմբեր ամիսն է, սակայն, կայքում դեռ նշված է, որ համերգը տեղի կունենա օգոստոս ամսին։
Կայքը կրկին կապ հաստատեց կազմակերպիչ՝ Doping space ընկերության հետ, որտեղից այս անգամ արդեն նշեցին, որ իրավասու չեն պատասխանելու և հորդորեցին իրենց էլեկտրոնային նամակով դիմենք: Սա Կառավարության գործելաոճն է՝ ստիպել կատարածուներին ասել, թե իրավասու չեն և այդպիսով լղոզել հարցը ու տանել մոռացության:
Տիկին նախարար, ո՞ւր են միլիոնավոր դոլարները, որ մենք՝ հարկատուներս, փաստացի վճարել ենք Սնուպ Դոգի երևանյան չկայացած համերգի համար: Ինչու չեք խոստովանում, որ նման մեծության աստղերի պայմանագրերում գրեթե մշտապես ամրագրված է լինում, որ եթե համերգը չի կայանում ոչ իրենց պատճառով, ապա հոնորարը ետ չի վերադարձվում, ինչո՞ւ եք հանրությանը մոլորեցնում, թե, այնուամենայնիվ, համերգը կկայանա «ռսի զավտռա»-ի սկզբունքով:
Ձեզ էլ խորհուրդ կտանք ուսունասիրել Snoop Dogg-ի պաշտոնական էջը, որտեղ գրված է, որ նրա հաջորդ համերգը լինելու է դեկտեմբեր ամսին ԱՄՆ–ում։ Եվ որ նրա գրաֆիկում Հայաստան անունն ընդհանրապես չի հիշատակվում:
Եվ վերջին հարցը, որ առաջին անգամ չենք հնչեցնում՝ Ժաննա Անդրեասյան, կա՞ մի հարց, որում Դուք կոմպետենտ եք»։
Մարիաննա Արամյան