▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շմայսն ու գնդապետը որդուս մերկացրել և զորամասի շանն էին բաց թողել նրա վրա.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «օֆշորի» գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը բանակի վերաբերյալ գրեթե սկանդալային հայտարարություն արեց:

Հայտարարությունը լիարժեք սկանդալ չէր միայն այն պատճառով, որ դեպքից, որի մասին խոսում էր Սուքիասյանը՝ 15-20 տարի է անցել: Սուքիասյանը պատգամավոր Շմայսին՝ Առաքել Մովսիսյանին եւ գնդապետ Մուրադ Կիրակոսյանին ըստ էության մեղադրեց իր որդուն զինվորական ծառայության ընթացքում խոշտանգելու մեջ: 

«Բանակից հետո որդուս մոտ խմիչքի նկատմամբ սեր էր առաջացել, որովհետեւ բանակում Արարատում ծառայելու ժամանակ շուն էին բաց թողել վրան: Մուրադ Կիրակոսյան կա այնտեղ, կարող եք հարցնել: Մուրադ Կիրակոսյանը եւ Շմայսը… ինքը չէր ենթարկվել, հաղթանդամ, ֆիզիկապես շատ մարզված տղա էր: Շորերը մերկացրել էին եւ զորամասի առաջ խիստ պատժելով, ծեծելով շուն էին բաց թողել իր վրա՝ «ավչառկա»: Շունը փորձել էր խեղդել: Տղաս 3 անգամ շանը փռել էր գետնին, նորից էին բաց թողել: Էդ դեպքից հետո խմիչքի նկատմամբ սեր էր առաջացել մոտը»,- դատարանում իր տղայի մասին խոսելիս «ձեռքի հետ» հայտարարեց Սուքիասյանը:

Առաքել Մովսիսյանից մեկնաբանություն խնդրեցինք ներկայացված միջադեպի վերաբերյալ.

- Պարոն Մովսիսյան, երեկ դատարանում «օֆշորի» գործով ազատազրկված Աշոտ Սուքիասյանը...

- Օֆշորը ո՞րն ա:

- էն սկանդալը, որ Տիգրան Սարգսյանի հետ կապ ունի:

- Աշոտ Սուքիասյա՞նն ով ա:

- Էդ գործով ազատազրկված է: Նա երեկ դատարանում հայտարարել է, որ տարիներ առաջ իր տղային դուք եւ Մուրադ Կիրակոսյանը մերկացրել եւ ծեծել եք, «ավչարկա» շուն եք բաց թողել վրան:

- Աղջիկ ջան, նախ առաջինը. ես կյանքիս մեջ շուն չեմ ունեցել: Երկրորդն էլ՝ չեմ ճանաչում էդ տղան ով ա: Երրորդն էլ Կիրակոսյան Մուրադի հետ ընդհանրապես առնչություն չունեմ կլինի երեւի 20 տարի:

- Դե Սուքիասյանի պատմածն էլ հին պատմություն է:

- Ես տեղյակ էլ չեմ ով ա էդ մարդը, վաբշե: Սուքիասյան Աշոտ: Ի՞նչ եք ստից բաներ ման գալիս:

- Երեկ դատարանում է հայտարարել:

- Օֆշորը ո~ւր, Սուքիասյան Աշոտի տղան` ո~ւր, Կիրակոսյան Մուրադն ո~ւր, օվչառկա շունն ո~ւր կամ չոբանի շունը, սաղ խառնել եք իրար:

- Ձեր հետ եղե՞լ է նման դեպք, որ բանակում զինվորին մերկացնեք եւ ծեծեք:

- Բանակում` որտե՞ղ:

- Արարատում:

- Ո՞ր թվականին:

- Շուրջ 15-20 տարի առաջ, հավանաբար:

- Դու ծնված եղե՞լ ես այդ ժամանակ:

- Դատարանում մարդը նման բան է հայտարարում: Ձեր մեկնաբանությունն ենք ուզում:

- Ես մեկնաբանություն չունեմ տալու, ոչ էլ ճանաչում եմ նման մարդ, ոչ էլ ընդհանրապես էդ հարցերով ինձ անհանգստացրեք: Եվ դուք էլ իմացեք, որ կյանքում ես շուն չեմ պահել: Հասկացա՞ր:

- Եղե՞լ է նման բան:

- Բանակում մաքուր ծառայել եմ, մաքուր էլ դուրս եմ եկել: Ձեզ հաջողություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին