Արդեն տեղեկացրել ենք, որ վաղը` մարտի 5-ին, տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 8-րդ արտահերթ համագումարը։
Հատկանշականն այն է, որ նախքան համագումարն այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է` «Վաղը ԲՀԿ համագումարում ԲՀԿ նախագահի պաշտոնից հրաժարական կտա Գագիկ Ծառուկյանը։ Կուսակցության նախագահ կընտրվի Նաիրա Զոհրաբյանը, իսկ մյուս քառօրյային, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ն կհայտարարի ընդդիմություն դառնալու մասին»:
«Եթե Նաիրա Զոհրաբյանի` կուսակցության նախագահ դառնալու մասին հայտարարում են ԲՀԿ-ի ոչ շարքային ներկայացուցիչները, նշանակում է, որ ԲՀԿ-ում մնացածների ներսում որոշակի կոնսենսուս կա այդ հարցի վերաբերյալ և այդ առումով որևէ արտառոց բան չկա»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Դերենիկ Մալխասյանը:
Վերջինս նաև անդրադարձավ մեր այն հարցին` արդյո՞ք ԲՀԿ-ի շարքերը լքող պատգամավորների որոշումը պայմանավորված է Նաիրա Զոհրաբյանի սպասվող նախագահության լուրով.
«ԲՀԿ-ն երբեք էլ չի եղել գաղափարական հողի վրա ստեղծված կուսակցություն. այնտեղ, հավանաբար, միավորող հանգամանքն ավելի շատ պայմանավորված է եղել, Գագիկ Ծառուկյանի անձով, հետևաբար` այնտեղ գտնվողների մեծ մասը, որոնք բիզնես խավի ներկայացուցիչներ են, ունեին որոշակի ակնկալիքներ իշխանության մեջ գտնվող ԲՀԿ-ից: Իշխանությունից դուրս գտնվելով` նրանք քիչ թե շատ պահել են իրենց արտոնությունները բիզնեսի հետ կապված, նաև ակնկալիք են ունեցել, որ իշխանափոխությունից հետո իրենք կհայտնվեն ավելի հարմարավետ դիրքերում: Սակայն ԲՀԿ-ն չի ընդգրկվել իշխանության կազմում, ինչպես նաև նրանց չի հաջողվել իրականացնել իշխանափոխություն, ինչից հետո էլ իրենց ակնկալիքներն ավարտված են համարում և դուրս են գալիս ԲՀկ-ից: Ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր ներկայացնում են բիզնես շրջանակները, սակայն կան մարդիկ, ովքեր դուրս են եկել կամ կգան գաղափարական տարաձայնություններից ելնելով»:
Անդրադառնալով` Միքայել Մելքումյանի այն խոսքերին, որոնց համաձայն` Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես լքելու է քաղաքականությունը, Դերենիկ Մալխասյանն ասաց, որ չի կարող կանխատեսումներ անել.
«Հայաստանի քաղաքական դաշտն այնքան աղճատված է, որ վերլուծություն կամ կանխպատեսումներ անելն անշնորհակալ գործ կլինի: Միայն վաղը պարզ կդառնա` Գագիկ Ծառուկյանը հեռանում է, թե ոչ, թեև դատելով հայտարարություններից, երևի հեռանում է, իսկ եթե հեռանում է, ապա դա Սերժ Սարգսյանի բազմաթիվ խոստումներից այն միակն է, որն իրականություն է դարձել: Այսինքն` Սերժ Սարգսյանն ասաց, որ պետք է քաղաքական դաշտը մաքրել Գագիկ Ծառուկյանից և այդպես էլ արեց»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան