Վերջերս հայտնի դարձավ, որ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործով կա երկու ձերբակալված: Նրանցից մեկը Սյունիքի մարզպետի վարորդի որդին է:
Asekose.am-ն այս առիթով զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ:
Պարոն Սաֆարյան, իշխանությունը կարելի է ասել ստանձնել է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի պաշտպանությունը: Ձերբակալվածների ցանկում մարզպետի որդին չկա, թեպետ հենց նրա անունն է շոշափվում որպես միջադեպի գլխավոր մեղավոր: Ինչքա՞ն կարելի է շարունակվել այս ամենը:
Մի կողմից հասկանում եմ, որ Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի համար այն ներկայացուցիչն է, ով ընտրություններում, հանրաքվեներում 90 տոկոս արդյուք է ապահովում: Ի տարերություն մյուս մարզերի, որտեղ ընդիմությունը կարողանում է ինչ-որ միջոցառումներ անել՝ Սուրիկ Խաչատրյանը կարողանում է իր մարզում խեղդել ընդդիմադիր քաղաքական պրոցեսները: Ի վերջո, այդ ամենի օգտակար գործողության գործակիցն այս իշխանության համար չափազանց փոքր է իր տված վնասի համեմատ: Տվյալ կտրվածքով ինձ համար զարմանալի է, որ Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի համար այդքան անփոխարինելի մարդ է դարձել, ում ողջ իրավապահ մարմինը կամ արդարացնում է, կամ հակափաստարկներ ստեղծում նրա համար: Արդյունքում, անպատժելիության մթնոլորտ է ստեղծվում՝ մի հանցագործությանը գումարվելով մյուսը: Ստիպված ենք մտածել, որ կա այլ խնդիր, որի պատճառով Սերժ Սարգսյանը չի կարողանում ազատվի Սուրիկ Խաչատրյանից և նրա գերդաստանի արկածներից:
«Հարսնաքար»-ի միջադեպից հետո հասարկության պոռթկումը, կարելի է ասել, պատճառ դարձավ, որ Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկեն: Սակայն Սուրիկ Խաչատրյանի դեպքում հասարակության դժգոհությունները որևէ արդյուքնք չեն տալիս: Ինչու՞: Եթե հաշվի առնենք ընտրակեղծիքները, ապա ժամանակին նույնն արել է նաև Ռուբեն Հայրապետյանը: Կարո՞ղ ենք ասել, որ երկրում ձևավորված անպատժելիության մթնլորոտը կապված է բացառապես Իշխանությունից:
Միանշանակ: Այդ կատեգորիայի մարդիկ իրենց չապազանց սանձարձակ են պահում: Իրենց և իրենց զավակների ձեռքերին ազատություն են տվել, որովհետև մտածում են, որ իշխանությունն է իրենց պարտք, քանի որ իրենք են իշխանությունը վերարտադրել: Հետևաբար, այս բոլոր աղմկոտ գործերում պատահական չէ նրանց ներգրավածությունը, քանի որ դա նրանց իշխելու, վախ սփրելու, բոլորին ստրկացնելու մեթոդներն են: Քանի որ իրենք ուժեղ մարդիկ չեն, իշխանության այլ ռեսուրս չունեն. ոչ մակարդակ ունեն, ոչ գիտելիք, ոչ հարգանք ունեն: Այնպես չէ, որ Սուրիկ Խաչատրյանը չի ցանկանում, որ իր տղան կամ բարեկամները նման միջադեպերում հայտնվեն, հակառակը՝ այդ կերպ նրանք ապահովում են իր իշխանությունը: Սա նրա կառավարման մեթոդն է: