▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի դժվար հանդիպումը Պուտինի հետ

Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ըստ ամենայնի, Սարգսյանին սպասվում է ոչ դյուրին հանդիպում, քանի որ Պուտինը մինչ այդ հանդիպում պետք է ունենա Բաքվում՝ Ալիեւի եւ Ռոհանիի հետ, իսկ հետո նաեւ Էրդողանի հետ՝ օգոստոսի 9-ին: Այսինքն, մինչ Սերժ Սարգսյանին ընդունելը, Պուտինը կհանդիպի Ալիեւի եւ Էրդողանի հետ եւ անկասկած կփորձի նրանց հետ պայմանավորվել ինչ որ բաներ: Օրինակ, հայտնի է, որ Պուտինը փորձելու է Ալիեւից ստանալ սպառազինության նոր պատվեր: Իսկ Ադրբեջանն այդ պատվերի հետ, սովորաբար, փորձում է ստանալ նաեւ այդ զենքով կրակելու իրավունքը, այլապես ինչու՞ պետք է սպառազինություն գնի Ռուսաստանից:

 

Այդպիսով, եթե մինչ Սերժ Սարգսյանին հանդիպելը, Պուտինը ինչ որ բաներ է պայմանավորվելու Էրդողանի եւ Ալիեւի հետ, ապա մեղմ ասած մեծ է հավանականությունը, որ Սարգսյանից էլ հետո պահանջելու է վճարել այդ պայմանավորվածությունների գինը, քանի որ պատմության եւ ներկայի օրինաչափություն է, որ Ռուսաստանը Թուրքիայի, իսկ այժմ նաեւ Ադրբեջանի հետ ինչ որ բան պայմանավորվում է Հայաստանի շահի եւ հայերի անվտանգության հաշվին:

 

Իրավիճակն ինչ որ առումով կարող է փրկել այն, որ հուլիսի 31-ին Սերժ Սարգսյանը կարողացավ հասնել հուլիսի 17-ի իրավիճակի անարյուն հանգուցալուծման, խուսափել ուժգին եւ մահաբեր բախումներից: Դա տեղի ունեցավ նաեւ Սասնա ծռեր ջոկատի անդամների որոշման շնորհիվ, որոնք խուսափեցին արյուն հեղելու վտանգավոր հեռանկարից:

 

Եթե Հայաստանում հեղվեր արյուն, լիներ նոր Մարտի 1,- իսկ դա լինելու դեպքում ունենալու էր անկասկած առավել արյունառու դրսեւորում եւ ողբերգական հետեւանք,- ապա չափազանց մեծ է հավանականությունը, որ Հայաստանը ստիպված կլիներ վճարել, այն էլ թանկ գնով վճարել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Ռուսաստանի նոր պայմանավորվածությունների համար:

 

Բանն այն է, որ արյունահեղության դեպքում, Հայաստանի իշխանությունը լուրջ խնդիրներ ունենալով հասարակության եւ Արեւմուտքի հետ, ստիպված էր լինելու օգնության կանչել Ռուսաստանին: Պարզ է, թե Ռուսաստանն ինչ գնով կամ պայմանով էր գալու օգնության: Երբ հուլիսի 17-ից հետո իրավիճակը սկսեց ձգվել եւ իշխանության ուժի կիրառումն ուշանում էր, Ռուսաստանը սկսեց դրսեւորել ակնհայտ անհանգստություն, քարոզչական մակարդակում սկսեց վերագրել տեղի ունեցողը Արեւմուտքին, իսկ պաշտոնական մակարդակում թույլ տվեց անասելի վարք՝ դժգոհեց Եվրամիությունից, որ կոչ է անում Հայաստանի իշխանությանը խուսափել անհամարժեք ուժի կիրառումից եւ արյունահեղությունից:

 

Այդպիսով, հուլիսի 31-ին Հայաստանը կարողացավ խուսափել աղետից, որը կարող էր ձեւակերպվել օգոստոսի 10-ին Մոսկվայում:

 

Այդուհանդերձ, դա դեռ չի նշանակում, որ Պուտինի հետ հանդիպմանը Սարգսյանը կկանգնի ամուր հիմքի վրա: Հայաստանի իշխանության հիմքը ամուր չի կարող լինել երբեք, քանի դեռ այն հակասահմանադրական է: Եվ այստեղ ընդամենը խոսք կարող է լինել չարյաց փոքրագույնի մասին, երբ Սերժ Սարգսյանը կարող է տեղի չտալ վճռորոշ կամ ճակատագրական հարցադրումների:

Աղբյուրը՝ Lragir.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին