«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անդրադարձը և իր առաջարկած Հռչակագիրը համաժողովրդական շարժում ստեղծելու վերաբերյալ:
«Խիստ ողջունելի է այս շրջանում գործընկեր կուսակցությունների հրապարակախոսությունը՝ ինչ էլ լինեն դրա դրդապատճառները: Իսկապես, ժամն է, որ Հայաստանի քաղաքացին և մեր հասարակությունը տեղեկացված լինեն ընթացիկ գործընթացների մասին, և որ քաղաքական անխտիր բոլոր ուժերն անցում կատարեն փակ պայմանավորվածություններից դեպի ժողովրդի համար թափանցիկ որոշումներ: Ելնելով սրանից և նկատի առնելով այս տարվա ու, մասնավորապես, անցած ամիսների երևացող և չերևացող զարգացումները, ինչպես նաև վերջին շաբաթվա ընթացքում հրապարակված՝ կուսակցական և այլ տեսակետները, առաջ շարժվելու համար անհրաժեշտ ենք համարում հետևյալ կամ համարժեք փաստաթղթի պաշտոնական ընդունումն ու ստորագրումը: «Նախագիծ» Հռչակագիր Համաժողովրդական շարժման Մենք, ի կատար հայ ազգի և Հայաստանի քաղաքացիների կամքի, հայտարարում ենք Համաժողովրդական շարժման ստեղծման մասին: Շարժման հիմնական նպատակն ազատ, անկախ և սահմանադրական Հանրապետության հաստատումն է: Դրան հասնելու հիմնական միջոցն է անհապաղ, ամբողջական և համակարգային իշխանափոխությունը՝ նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրամայականով, որի միակ թիրախը ժողովրդին և քաղաքացուն պատկանող հաշվետու, իրավակարգ իշխանության ձևավորումն է: Այս ուղղությամբ Շարժումը պատրաստ է դիմելու սահմանադրական բոլոր եղանակներին՝ մասնավորապես Հայաստանի ամբողջ տարածքով մեկ գործարկելով կենտրոնակայաններ (շտաբներ) ու զորակցման օղակներ, հաստատելով համապետական նշանակության քաղաքական խորհուրդ և հարակից այլ մարմիններ: Շարժմանը վերաբերող բոլոր որոշումներն ընդունվում են բացառապես մեր միակարծության (consensus-ի) հիման վրա:
Շարժումը բաց է յուրաքանչյուր հայի ու հայաստանցու առջև: Ուստի հանուն Հայրենիքի, մեր ժողովրդի և նրա ապագայի, մենք ստորագրում ենք սույն Հռչակագիրը մայրաքաղաք Երևանում, 2014 թվականի նոյեմբերի –ին»:
Հ.Գ.
Եվ ոչ միայն: Սե՛րժ, Բակո՛, Սեյրա՛ն, Մովսե՛ս, տղե՛րք՝ մի մասդ դե յուրե, մյուսդ դե ֆակտո, արդեն գրեթե միևնույնն է: Արցախի պետականության հռչակումից 23 տարի անց՝ քանի ուղղաթիռներ, սպաներ, զինվորներ, հայ մարդիկ պետք է թշնամու գնդակից ու «դիվանագիտությունից» զգետնվեն, որ վերջապես հասկանաք ՁԵՐ և ՄԵՐ մեղքն ու սխալը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Խոնարհվում ենք նրանց առջև: Պետք է անմիջապես ճանաչել Արցախն ու իր տարածքային ամբողջականությունը և լծվել համազգային զորախմբման, իսկ դրա համար, կարող է ցավալի լինել, բայց հարկ է վեընթերցել վերոնշյալ հրամայականը: Մարդ լինե՛նք, տղամարդ լինե՛նք, հայ լինե՛նք՝ և ուրիշ ոչինչ: Սուրբ պատարագից՝ «Սա է ժառանգությունը քո»:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան