Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ձեֆիրելլիական վառվռուն Ջուլիետի մահից երկար տարիներ անց իր մահկանացուն է կնքել նրա դերակատարուհին՝ Օլիվիա Հասին: Շեքսպիրյան աշխարհում մեռնում են սիրուց, իրական կյանքում՝ քաղցկեղից:
Անմեռ ողբերգության այս արտասովոր էկրանացման մեջ Ջուլիետն այն դերերից էր, որոնց մասին ասում են, թե կուլ է տվել դերակատարին: Օլիվիա Հասին ամբողջ կյանքում մնաց իր դերի պատանդը, նրա հետագա բոլոր մարմնավորումների, նույնիսկ Մարիամ Աստվածածնի թիկունքից ծիկրակում էր դեռատի Ջուլիետը: Այս կերպարը դարձել էր նրա ստվերը, ուրու, որ քղանցքի պես ամենուր հետևում էր նրան:
Ձեֆիրելլիի «Ռոմեո և Ջուլիետը» (1968) ժամանակին աներևակայելի կինոցնցում էր, հուզական շոկ, կինեմատոգրաֆիկ երկրաշարժ Շեքսպիրին պատվանդանից վար բերելու, նրա արձանին նստած թանգարանային փոշին իսպառ թոթափելու և կենդանի, անթառամ էությունը վեր հանելու առումով: Օլիվիա Հասիին վիճակվեց այդ հեղափոխիչ հղացման, մեծ կերտվածքի մեջ դառնալու կինոյի սրբապատկերներից մեկը»։
|