▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սցենարը պատրաստ է. պարզ է՝ 2017-ին ով կլինի նախագահ, ով՝ ԱԺ նախագահ, ով՝ վարչապետ

Ռ-Էվոլյուցիա հաղորդման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բառացի չեմ հիշում, բայց հետևյալ բովանդակության այսպիսի մի արտահայտություն արեց՝ <<պետք է լավ աշխատեմ, որ էլի վարչապետ լինեմ>>: Շատ նորմալ ու օրինաչափ ցանկություն է: Իհարկե, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն էլ պետք է լավ աշխատեն, որ նորից ընտրվեն, նորից աշխատեն: Բայց դա նորմալ ժողովրդավարական երկրներում: Սրան դեռ կանդրադառնանք: Մի առ ժամանակ առաջ էլ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց տրամագծորեն հակառակը, թե չի ուզում էլ նախագահ կամ վարչապետ աշխատել: Էլի նորմալ ցանկություն: Մարդը չի ուզում, հո զոռով չի: Բայց… բայց նա չասաց, որ չի ուզում Ազգային ժողովի նախագահ աշխատել: Պառլամենտական կառավարման անցնելու դեպքում, իհարկե, գործադիր իշխանությունը կենտրոնանում է ամբողջապես վարչապետի ձեռքում, ու չենք մոռանում, որ նույն այդ կառավարությունը հաշվետու է լինում Ազգային ժողովին, քանի որ այդ կառավարությունը ձևավորելու է Ազգային ժողովի ընտրություններում հաղթած քաղաքական ուժը, կամ ուժերի մեծամասնությունը: Սրան էլ կանդրադառնանք:
Մյուս կողմից նոր սահմանադրության նախագծով հետաքրքիր պահանջներ են ներկայացվում նախագահին: Նա պետք է լինի անկուսակցական և ոչ ավել, ոչ պակաս ԱՐԲԻՏՐ: Զիլ է չէ:
Հիմա սկսենք սկզբից: Իշխանությունները այսօր արդեն հստակ գծել են իշխանական ողջ հիերարխիան՝ վարչապետ՝ Հովիկ Աբրահամյան, ով ամեն ինչ անելու է, որ ՀՀԿ-ն նորից հաղթի 2017թ. խորհրդարանական ընտրություններում, իսկ եթե բաձարձակ մեծամասնություն չապահովի, խնամի Ծառուկյանի ԲՀԿ-ն օգնության կհասնի /ականջդ կանչի Սերժ Սարգսյան, երբ ՀՀԿ համագումարում ակնարկում էիր երկբևեռ քաղաքական դաշտի մասին/, Ազգային ժողովի նախագահ՝ Սերժ Սարգսյան, ով կունենա բաձարձակ վերահսկողություն և ազդեցություն կառավարության գործունեության վրա, քանի որ ինքն է լինելու մեծամասնության, տվյալ պարագայում ՀՀԿ նախագահը, և, իհարկե, հապա ոտքի՝ նորին գերազանցություն նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան, ով կուսակցական չէ ու ինքն էր սիրում ասել, որ ինքը ԱՐԲԻՏՐ է:
Ամփոփենք. Նորմալ երկրներում նման կանխատեսում անելը առնվազն ծիծաղելի կլիներ, բայց Հայաստանում՝ ոչ, որովհետև նույն 2012թ. խորհրդարանական ընտրություններում նույն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կրկնապատկեցին իրենց ներկայությունը ԱԺ-ում չնայած այն հանգամանքին, որ երկիրը հասցրել էին կատարյալ թշվառության, աղքատության ճիրանների մեջ են գցել մի ողջ ժողովուրդ: Բայց…բայց ինչպես ասում են, այն ինչ հնարավոր չէ անել փողով, հնարավոր է ավելի շատ փողով:
Եզրափակեմ. Հայ ժողովրդի համար 2017թ.-ը լինել-չլինելու տարի է լինելու: Նա պետք է գիտակցի, որ ինքը միայնակ է ընդդեմ 3 նախագահների կործանաբեր եռանկյունու և նրանց սպասարկող ՔԱՌՅԱԿ կոչվածի ու այդ կռվում ժողովուրդը պետք է հաղթի: Այլընտրանք չկա:

 


Արայիկ Արամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին