▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանն էլ է տուգանվու՞մ. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը կապ չունի «Սեքյուրեթի Դրիմ» ընկերության հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց ընկերության հիմնադիր տնօրեն Ալիկ Զաքարյանը: «Այն խոսակցությունները, թե Ալեքսանդր Սարգսյանը «փայ ունի», որ իբր ստացված գումարները մուտք չեն գործում պետբյուջե, այլ մասնավորի գրպանն են մտնում, բացարձակ հիմք չունեն»,- ինքնաբուխ ավելացրեց տնօրենը՝ շեշտելով նաեւ. «Նույն Ալեքսանդր Սարգսյանը, ում մասին այդքան խոսում են, տուգանվում է ու վճարում դրանք: Ես ինքս էլ տուգանվում եմ ու վճարում: Դուք պատկերացնո՞ւմ էիք, որ երբեւէ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետը, բոլոր տեսուչները կամ պետական շատ գործիչներ կտուգանվեին: Այսօր դա կա: Պետք է տեսնել դա»: Հիմնադիր տնօրենի խոսքով՝ մեր երկրի տարբեր հատվածներում տեղադրված արագաչափերի 30 տոկոսը դատարկ է, որն ունի հոգեբանական նպատակ, որպեսզի վարորդները նկատեն դրանք ու դանդաղ վարեն մեքենան: Իսկ թե որ հատվածներում են տեղադրված դրանք, Զաքարյանը, բնականաբար, չմանրամասնեց:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ նաև ստորև.

 

«ԱՐԱԳԱՉԱՓ ՓՈՂԵՐԻ» ԲԱԺՆԵՏԵՐԸ

 

Ավտովարորդները ոչ մի կերպ չեն ընդունում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության ծառայությունները: Այն չի ընկալվում մարդկանց կողմից, մարդիկ դեմ են ու վերջ: Իսկ արագաչափերի քանակն անդադար ավելանում է: Ավելին՝ մինչեւ տարեվերջ ընկերությունը մտադիր է դրանց թիվը կրկին ավելացնել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի տնօրեն Ալիկ Զաքարյանի հետ:

 

-Ովքե՞ր են Ձեր ընկերության փայատերերը:

-Ընկերության հիմնադիրները երկուսս ենք. ես եւ եղբայրս՝ Գուրգեն Զաքարյանը:

-Պարոն Զաքարյան, համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին: Այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:

-Ալեքսանդր Սարգսյանը կապ չունի այս ընկերության հետ: Բացի այդ, ասում էին, որ իբր այս արագաչափերը Լոս Անջելեսից դուրս գրված երկրորդ ձեռք արագաչափեր են, խոսում էին նաեւ այն մասին, որ Ալեքսանդր Սարգսյանը փայ ունի, որ իբր ստացված գումարները մուտք չեն գործում պետբյուջե, այլ մասնավորի գրպանն են մտնում: Այդ տեղեկությունները բացարձակ հիմք չունեն: Դա, կարծում եմ,  շատ անբարոյական է: Բնակիչների կողմից գրված ունենք հարյուրավոր դիմումներ՝ արագաչափեր տեղադրելու խնդրանքով:

-Ինչո՞վ  եք  բացատրում 70/30  հարաբերակցությունը եւ ինչու է բյուջետային մուտքերն ընդամենն այդքան ակնհայտ քիչ ընկերության մուտքերից:

-Այս հարցն ուղղակի մեր իշխանությունները սխալ ներկայացրեցին, ինչի պատճառով էլ հասարակությունն ընկավ թյուրիմացության մեջ: Մեր դեպքում ճանապարհային ոստիկանությունը մրցույթ հայտարարեց, որ իրենց պետք է նման մի համակարգ: Ընդ որում՝ տենդերի պայմաններն էին, որ տենդերին մասնակցած ընկերության հայտարարած գումարը պետությունն այսօր չի տալու, այլ գանձված գումարներից 70 տոկոսներով պետք է փակվեր այն: Տենդերին մասնակցել է երկու ընկերություն, այդ թվում նաեւ մերը: Մյուս առաջարկը 22 մլն եվրո էր, իսկ մերը` մոտ 10 մլն եվրո: Նման դեպքերում մենք պետք է համակարգը տայինք ու գումարը՝ կանխավճարը ստանայինք: Այս դեպքում մենք անբողջ ներդրումն արել ենք, այս միջոցով գանձված գումարների 70 տոկոսներով փակվել է մեր 10 մլն եվրոն: Ընդ որում՝ պայմանագիրը մինչեւ 2036 թվականն է: Եվ եթե մինչ այդ գումարը չփակվեր, պետությունը որեւէ պարտավորություն չէր կրելու: Իմ կարծիքով՝ սա ամենալավ տնտեսական մեխանիզմն է, որովհետեւ սա՝ որպես ներդրողի, կատարողի, իրականացնողի, ստիպում է անել լավագույնը, որպեսզի մեր գումարները հետ գան: 2013 թվականի հոկտեմբերից անցել ենք մինիմում տարբերակին՝ 50/50 հարաբերակցությամբ: Իսկ ամբողջ տուգանքները գնում են միանշանակ պետբյուջե:

-Որտեղի՞ց է ընկերությունը ձեռք բերում արագաչափերը:

-Գերմանիայից՝ 21 հազար 500 եվրո արժեքով: Սա մենք բերում ենք, մաքսազերծում եւ տեղադրում, որի գինը դառնում է 30 հազար եվրո: Մենք ճանապարհային ոստիկանությանը  հանձնում ենք 21 հազար եվրո արժեքով: Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ տենդերում ֆիքսված թիվը 21 հազար 500 եվրոն է: Տեղեկացնեմ, որ կարող էինք բերել շատ ավելի էժան հունգարական արագաչափեր, որի արժեքը կազմում է մոտ 6 հազար դոլար: Բայց գերմանականը որակով ավելի բարձր է, քան հունգարականը: Մեր հանրապետությունում տեղադրված արագաչափերն աշխարհի լավագույն արագաչափերն են:

-Պարոն Զաքարյան, Ֆրանսիայում տեղադրված արագաչափերը տարբերվում են այստեղի արագաչափերից. այնտեղ վարորդները դրանց շնորհիվ կարգապահ են, իսկ այստեղ՝ հակառակը: Օրինակ՝ մեզ մոտ եթե ֆիքսված թույլատրելի արագությունը 60 կմ/ժ   է, վարորդն արագաչափի պատճառով չի խախտում, որպեսզի չլուսանկարվի, արագաչափն անցնելուց հետո անմիջապես փոխում է ու սկսում ավելի արագ վարել: Իսկ Ֆրանսիայում այդպես չէ. մի արագաչափը մյուսին ինֆորմացիա է փոխանցում, թե վարորդը նշված ժամանակահատվածում ինչ արագությամբ է վարել: Արդյունքում վարորդն ավելի կարգապահ է դառնում եւ ստիպված խախտումներ չի կատարում:

-Գերմանականն ավելի մեծ տարածում ունի: Այս արագաչափերը ֆիքսում են կոնկրետ պահին մեքենայի արագությունը: Իսկ մյուս տարբերակը ես ճիշտ չեմ համարում, որովհետեւ այնտեղ նայում են միջին արագությունը, իսկ Երեւանում այն կազմում է 25կմ/ժ, մայրուղիների վրա կարող է կազմել 40-45 կմ/ժ: Բացի այդ, մի շարք խնդիրներ կան, ընդ որում՝ սա վիճելի է: Մեզ մոտ ցուցանակներ են կախում, իսկ Ֆրանսիայում դա արգելված է, եւ հետո Ֆրանսիայում եթե պարզվում է, որ ժողովուրդն արագաչափի տեղը գիտի, այն անմիջապես տեղափոխում են:

-Բայց բոլորի մեքենաները չեն, որ այդ արագաչափերը լուսանկարում են:  Շատ հաճախ ենք նկատում, որ դեսպանատների մեքենաները վարող վարորդները բազում խախտումներ են կատարում: Նույն հաջողությամբ նաեւ պետական համարանիշերով մեքենաները:

-Բոլորն անխտիր ենթարկվում են տուգանքների: Նույն Ալեքսանդր Սարգսյանը, ում մասին այդքան խոսում են, նույն կերպ տուգանվում է ու վճարում: Ես ինքս էլ տուգանվում եմ ու վճարում: Միայն կա գործող օրենք, ըստ որի՝ ուժային կառույցներին մենք տուգանելու իրավունք չունենք, պարտավոր ենք նրանց կողմից կատարած խախտումները ֆիքսել եւ ցուցակով հանձնել իրենց վերադասին: Մենք հիմա հասել ենք նրան, որ այսօր դեսպանատները լիարժեք տուգանվում են: Միայն դեսպանություններն ունեն երկու կատեգորիա. մեկը՝ «T» տառով, որ տեխնիկական ծառայություններն է սպասարկում, եւ «D» տառով, որը դիվանագիտականն է: Վերջինով զբաղվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Նախկինում Դուք պատկերացնո՞ւմ էիք, որ այսօր ՀՀ ճանապարհային ոստիկանության պետը, բոլոր տեսուչները կամ շատ պետական գործիչներ կտուգանվեին: Այսօր դա կա:

-Տուգանքների չափերի նվազեցմանն ուղղված  ՀՀ կառավարության նախաձեռնությունը հնարավո՞ր է Ձեր եկամուտները պակասեցնի եւ Դուք էլ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության նման հայտարարեք, թե սնանկացման եզրին եք:

-Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ կարող է այն պակասել մաքսիմում 5 տոկոսով: Իրականում, ես կարծում եմ, որ այն կավելանա, բայց կարեւորը դա չէ, այլ ճանապարհային երթեւեկությունը: Այն միանշանակ կտուժի, որը շատ ցավալի է: Ես համոզված եմ, որ շուտով որոշում կայացնող մարդիկ կգան նրան, որ նորից պետք է նախկինի նման թողնեն: Եվ պետք է ավելանա: Այս տարեվերջին մենք կունենանք 155  տեղադրված արագաչափեր: Միեւնույն ժամանակ նշեմ, որ տեղադրված արագաչափերի 30 տոկոսը դատարկ է, փոխարենը դրված է մակետ: Դա ստեղծված է նրա համար, որ վարորդները դանդաղ քշեն:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին