armtimes.com-ը գրում է, որ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը (մականունը՝ «ՍԱՍ-ի Արտակ») 2013 թվականին դրամական ունեցվածքի բավականին լուրջ աճ է ունեցել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2013 թվականին պատգամավորի 1 միլիարդ 39 միլիոն դրամը, 141 միլիոն դրամով աճելով, դարձել է 1 միլիարդ 180 միլիոն 300 հազար դրամ: Արտակ Սարգսյանի արտարժույթով դրամական ունեցվածքը 252 հազար դոլարից նվազել է 194 հազար դոլարի:
Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 217 միլիոն դրամ եւ 39 հազար դոլար, որից 210 միլիոնը զուտ շահաբաժին է: Թե որ ընկերությունների գործունեությունից ստացված՝ նշված չէ: ՍԱՍ-ի Արտակը տարածքի վարձակալությունից 1,2 միլիոն դրամի եկամուտ է ստացել: Եվս 2,8 միլիոն դրամ եկամուտ Սարգսյանը ստացել է փոխառություններից: Փոխառություններից է ստացվել նաեւ արտարժույթով արտահայտված 39 հազար դոլար եկամուտը:
Հարկային տարվա ընթացքում 210 հազար դոլար եւ 1,8 միլիոն դրամ է հայտարարագրել պատգամավորի կինը՝ Էլվինա Սարգսյանը: Սա այն դեպքում, երբ տիկնոջ տարեկան եկամուտներն իրականում շատ համեստ են՝ 1720 դոլար եւ 1,5 միլիոն դրամ:
Արտակ Սարգսյանը հայտարարագրի «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 3 բնակելի տուն` 222.11 քմ ընդհանուր մակերեսով եւ 1 տարածք՝ 144.7 քմ մակերեսով: Պատգամավորը նաեւ հայտարարագրել է 5 ավտոմեքենա՝ Տոյոտա Պրադո, Մերսեդես Տ 550, Նիսսան Տիդա, Մերսեդես Տ 350 եւ Ռենջ Ռովեր Վոգ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի