Առաջիկա օրերին պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որտեղ պետք է քննարկվեն մի շարք հարցեր, հստակեցվի նախագահների մակարդակով հերթական հանդիպումը:
Զարմանալի է, որ ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Հրապարակ» թերթի լրագրողին տված հարցազրույցում նշում է.
«Մեր զինվորներին պետք է սպանեն սահմանի վրա, Էդիկ Նալբանդյանը գնա նստի ու այդ ֆոնի ներքո բանակցություններ վարի՞»:
Ով, ով, պարոն Վլ.Կարապետյանը, որպես ՀՀ ԱՆ նախկին աշխատակից շատ լավ պետք է իմանա, որ բանակցությունները չբանակցելուց լավ է, սառեցված հակամարտությունը ամեն դեպքում պատերազմից գերադասելի է:
Պետք է բանակցել, եթե թեկուզ կես տոկոսի ակնկալիք կա…ԱՆ-ում աշխատած Վլ. Կարապետյանը պետք է իմանար, որ նույնիսկ պատերազմող երկրներն են բանակցել, եթե դրա կարիքը եղել է, առավել ևս դա խիստ անհրաժեշտ է տարիներ ի վեր ձգձգվող այս կոնֆլիկտի պայմանններում…
Գու՞ցե պ.Կարապետյանը հենց այդ ֆոնին անդրադառնար համանախագահների ոչ ադեկվատ պահվածքին...
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը արձագանքելով հունվարի 20-ին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն հարձակմանը, իր թվիթերյան էջում գրառում է կատարել և շեշտել, որ բռնություններն ու լարվածությունը շփման գծում խոչընդոտում են խնդրի խաղաղ կարգավորմանը: Ցավոք ոչ մի դատապարտող խոսք չհնչեցնելով այն իրականացնող ադրբեջանական կողմի հասցեին…
Ավելին, նրա ֆրանսիացի և ռուս գործընկերները նույնիսկ հարկ չհամարեցին այս կամ այն կերպ անդրադառնալ այդ միջադեպին, պահպանելով քար և անտարբեր լռություն…
Ի վերջո, երբ պետք է վերջ տրվի երկդիմի, երկակի ստանդարտների քաղաքականությանը և հավասարեցված գնահատականներին, արձագանքներին, կոչերին` չգիտես ինչու ուղղված նաև Հայաստանին:
Ի վերջո, երբ պետք է համանախագահները, միջազգային կառույցները ուղղակիորեն, բացեիբաց, օբյեկտիվ գնահատական տան Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և սադրանքներին:
Գու՞ցե ձեռք չի տալիս...Բա պաշտոնը, գործուղումները, հյուրասիրությունները, նվերները...Զրկվե՞ն այդ ամեն ինչից...
Իմ կարծիքով մեր բոլոր զոհված զինվորների արյունը խոշոր տերությունների, այդ տարիներին բանակցություններին մասնակցած բոլոր համանախագահների խղճի վրա է…