armtimes.com-ը գրում է.
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը գնահատել է որպես Սարգսյան-Քոչարյան բաց ճակատամարտի սկիզբ եւ անդրադարձել Սարգսյան-Պուտին նախօրեի հանդիպմանը:
- Պարոն Սաֆարյան, Սարգսյան-Պուտին հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը «ժլատ» էր ու, ըստ էության, խոսվում էր այն համաձայնագրերի մասին, որոնք վաղուց կնքվել, վավերացվել կամ դրանց շուրջ վերջնական պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, ի՞նչ կարող էսա նշանակել:
- Եթե բանը հասել է նրան, որ արտահերթ, հրատապ հանդիպման արդյունք է ներկայացվում նախկինում ձեռք բերված եւ արդեն հասարակությանը ներկայացված համաձայնություններ, նշանակում է, կողմերը հպարտանալու որեւէ բան չունեն: Ակնհայտ է, որ նրանք քննարկելու շատ ավելի լուրջ հարցեր են ունեցել, եւ եթե դրա մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի տրվում, նշանակում է՝ կամ համաձայնություններ չկան, կամ դրանք չեն ցանկանում ներկայացնել հանրությանը: Ես առավել հակված են առաջինին: Սա ավելի շատ նման է նրան, որ Սարգսյանին հրավիրել են Մոսկվա՝ բացատրելու, թե ինչ է պատրաստվում կամ ուզում անել Պուտինը:
- Եվ, ըստ ձեզ, ի՞նչ է ուզում:
- ՌԴ-ն հիմա տարածաշրջանում 3 խնդիր ունի լուծելու: Նա զգում է, որ ՆԱՏՕ-ն աստիճանաբար ամրապնդվում է տարածաշրջանում, ի դեմս Վրաստանում վերջերս բացված կենտրոնի: ՌԴ-ն խնդիր ունի կասեցնելու այդ զարգացումները: Երկրորդը Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնելու խնդիրն է, որը չի կարողանում լուծել: ՌԴ-ն Ադրբեջանին շարունակում է գայթակղել, երբեմն նույնիսկ սարսափեցնել. Ադրբեջանը գիտի, որ ՌԴ-ի համար իր որոշումը կենսական է, հետեւաբար, իրեն թույլ է տալիս անկարգություններ ՌԴ դաշնակցի՝ Հայաստանի հանդեպ: Երրորդ խնդիրը, որ ՌԴ-ն պետք է լուծի՝ Իրանի վերադարձը Կովկասյան տարածաշրջան կանխելն է: Որքան էլ ՌԴ-ն եղել է 5+1 ձեւաչափի անդամ, որը հասավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության, այնուամենայնիվ, ՌԴ-ն ուրախ չէ, որ Իրանը սանկցիաների տակից դուրս է գալիս եւ Կովկաս վերադառնալու մեծ շանսեր ունի: Հետեւաբար, ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա ինքը պետք է աշխատի: Սրան էլ գումարվում է այն, որ ՌԴ-ն տեսնում է, որ միայնակ ի զորու չէ հակաարեւմտյան քաղաքականություն վարել եւ իր պատժամիջոցները Արեւմուտքի դեմ էֆեկտիվ չեն, հետեւաբար, ուզում է ավելի շատ երկրներ ներգրավել դրանում: Այս ամենով, ինչպես նաեւ տարածաշրջանային լարվածությամբ պայմանավորված, նա Երեւանից որոշ բաներ կկորզի, ապա կփորձի նույնը անել Ադրբեջանից: Ի դեպ, Ադրբեջանում արմատներ գցելու համար արդեն սկսել է նոր ռադիոլոկացիոն կայանի տեղադրման բանակցությունները, սակայն Ադրբեջանը գին է թանկացնում՝ փորձելով հասնել նրան, որ ՌԴ-ն իր համաձայնության դիմաց վճարի Ղարաբաղով: Դրա համար Լավրովը Բաքվում խոստացավ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորման համար: Կա նաեւ ՀԷՑ-ի հարցը, որը ՀՀ-ում լուրջ դժգոհություններ բերեց, ինչը գնահատվեց Մայդանի նախապատրաստություն: Այս կարգի խնդիրները պետք է որ քննարկման առարկա դառնային Պուտին-Սարգսյան հանդիպմանը:
- Երեկ ասում էիք, թե ՌԴ-ն հասավ նրան, որ Ալիեւը չիցանկանում մասնակցել ՄԱԿ-ի գագաթնաժողովին, որտեղ Սարգսյան-Ալիեւ հանդիպում էր պլանավորվում, արեւմտյան ԶԼՄ-ները խոսում են ԼՂ խնդրի կարգավորման ռուսական գաղտնի պլանի մասին, Սարգսյանը երեկ Պուտինի մոտ դժգոհում էր սահմանային լարվածությունից, ՄԽ ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահներն էլ շարունակում ենջանքերը, որ Ալիեւ-Սարգսյան հանդիպում կայանա, հնարավո՞ր է հասնել այդ հանդիպմանը, եւ այդ գաղտնի պլանը իրենից ի՞նչ կարող է ներկայացնել:
- Իրականում, կարծում եմ, գաղտնի պլանն այն է, որ Մոսկվան արդեն բացահայտ վերահսկողության տակ է վերցնում չճանաչված հանրապետություններին՝ Արեւմուտքին զրկելով դրանց միջոցով տարածաշրջանային հարցերի վրա ազդելու հնարավորությունից: Մենք դա տեսանք Հարավային Օսեթիայի, Աբխազիայի եւ Ղրիմի օրինակով: Կարծում եմ, ոչ թե ՌԴ-ն խոստանում է ԼՂ-ն Ադրբեջանին, այլ ինքն է փորձում տեղ ունենալ Արցախում: Այլ բան է, որ այդ գայթակղիչ անունը կարող է Ադրբեջանին հրապուրել, որ Մոսկվան պատրաստ է սակարկել եւ իր կայացնելիք որոշումների դիմաց վճարել ԼՂ-ով: Մոսկվան չի գնա այդպիսի առավելագույն գին վճարելու, եթե Ադրբեջանը 100 տոկոսով ՌԴ-ին կապիտուլացվելու որոշում չի կայացրել: Ինչ վերաբերում է նախագահների հանդիպմանը, իհարկե, Արեւմուտքը գոհ չէ, որ այս պահին իր հնարավորությունները սահմանափակ են, բայց նա պայքարը շարունակվելու է ՌԴ-ի հետ ՄԽ-ում լիարժեք դերակատարում ապահովելու նպատակով: Եվ վերջապես` սահմանային վիճակը. Պուտինը հերթական անգամ աշխարհին ցույց է տալիս՝ ով է տարածաշրջանի տերը, ճիշտ, ինչպես անցյալ տարի մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով շիկացնելով լարվածությունը, օգոստոսին իր մոտ հրավիրեց երկու նախագահներին, որից հետո իրավիճակը կայունացման նշաններ ցույց տվեց: Առաջիկա երկկողմ հանդիպումից առաջ՝ կլինի դա նախարարների, թե նախագահների մակարդակով, ՌԴ-ն փորձում է ցույց տալ, որ ինքն է տարածաշրջանի դինամիկան թելադրողը:
- Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել Ազատություն ռ/կ-ի «Ռուսաստանը եւ ես» հաղորդաշարին, որտեղ չէր բացառել իր վերադարձը մեծ քաղաքականություն, Քոչարյանը, ըստ ձեզ, Ռուսաստանի պլանների մեջ մտնո՞ւմ է, թե՝՞ոչ:
- Քոչարյանը փորձում է մտնել Ռուսաստանի պլանների մեջ, եւ նրա հարցազրույցը դրա վկայությունն է: Նա տվել է գնահատականներ ՀՀ քաղաքական, տնտեսական կյանքին, ինչը արդեն խոսում է քաղաքականություն վերադառնալու նրա ցանկության մասին, բայց նաեւ նրա տեքստի զգուշավորությունից, ձեւակերպումների ճկունությունից մի բան է ակնհայտ, որ նա գիտակցում է իր վերադարձին խոչընդոտող բազմաթիվ գործոնները: Իրականում նա ներքին գործիքներից զրկված է եւ փորձում է արտաքին լսարանում աջակցություն փնտրել, ինչպես ՌԴ-ում: Դրա համար փորձում է զուգահեռներ անցկացնել իր եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման միջեւ՝ ուղղակիորեն ցուցանելով, որ այն, ինչ տեղի է ունենում ՌԴ շահերից Սարգսյանի օրոք, իր օրոք չի եղել: Նա գրեթե կրկնում է Բիբինի մեղադրանքները եւ չի մեղադրում ռուսական ընկերությանը, ՌԴ իշխանություններին, այս բոլոր դրսեւորումներում նա մեղադրում է Սարգսյանին, ու բավական դիվանագիտորեն, բայց սա Քոչարյան-Սարգսյան բաց ճակատամարտի սկիզբ է: Քոչարյանը հասկանում է, որ էապես զրկված է վերադարձի անհրաժեշտ գործիքներից եւ թերեւս նրա հիմնական հույսը Կրեմլին հաճոյանալն է:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում