▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ահազանգ է «Սամսունգի» կողմից...«Ժողովուրդ»

Աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը` «Սամսունգը», Հայաստանից հեռանում է: Հայաստանում «Սամսունգի» պաշտոնական ներկայացուցչության նախկին ղեկավար Անդրանիկ Շահբազյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմել է համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության՝ մեր երկրից հեռանալու նախապատմությունը: Իսկ եղելությունն այն է, որ «Սամսունգի» ղեկավարությունը 2014-ի վերջին որոշել է, որ իրենց ընկերությունը պետք է ունենա անկախ կովկասյան գլխամաս, որը որոշվել է տեղակայել Բաքվում: Իսկ երբ արդեն այդ գլխամասը Բաքվում սկսել է գործել, որոշ ժամանակ անց սկսել են խնդիրներ ի հայտ գալ՝ Հայաստանի ներկայացուցչության գործունեության հետ կապված:

Մասնավորապես, Բաքվում տեղակայված գլխամասի ղեկավարությունը պահանջել է՝ Ստեփանակերտի խանութներից մեկից հանել «Սամսունգի» պաշտոնական ցուցանակը: Սա այն դեպքում, երբ տվյալ խանութը ժամանակին պաշտոնապես վաճառել է «Սամսունգի» արտադրանքը, իսկ ցուցանակն էլ ընկերության ղեկավարության համաձայնությամբ է տեղադրվել: Մի խոսքով, Ադրբեջանի իշխանություններին հաջողվել է այնպես անել, որ «Սամսունգի» կովկասյան գլխամասի ղեկավարությունը սկսի զգուշանալ ՀՀ-ի հետ հարաբերություններում:

Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, որ այս պատմությունը ՀՀ իշխանությունների կամքից անկախ գործընթացի արդյունք է, եւ նրանք բան չէին կարող անել, որպեսզի Հարավային Կորեայի Հանրապետությունը ներկայացնող ընկերության ղեկավարությունը Ադրբեջանի իշխանությունների հիվանդագին քաղաքականության ազդեցության տակ չընկներ: Սակայն այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որը վերջին առնվազն տասնհինգ տարիներին ձեւավորվել է եւ պարբերաբար իրեն զգացնել է տալիս: Խոսքն այն մասին է, որ արտաքին աշխարհի աչքերում, կլինի տնտեսական հարաբերությունների ժամանակ, թե մշակութային հարցերում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, զուտ քաղաքական տեսանկյունից, հավասարություն է դրվում: Իսկ երբ պետության ներքին ազատության, մասնավորապես, տնտեսական գործունեություն ծավալելու տեսանկյունից, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարություն է դրվում, ապա հաջորդ քայլին, հաշվի առնելով նավթադոլարների գործոնը, ընտրությունը հենց տվյալ երկրի օգտին է լինում: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները պարտավոր էին եւ պարտավոր են այնպես անել, որ իրավական պաշտպանության եւ հարկային քաղաքականության տեսանկյունից Հայաստանը մշտապես լինի մեկ-երկու քայլ առաջ Ադրբեջանից: Եթե ՀՀ իշխանություններն ի վիճակի լինեին այս խնդիրը լուծելու, ապա ոչ միայն Հայաստան եկած ընկերությունները չէին հեռանա, այլեւ մնացած խոշոր ընկերությունները եւս կձգտեին, որպեսզի տարածաշրջանում իրենց գլխամասային գրասենյակը հենց Հայաստանում լիներ: Այլ կերպ ասած՝ Հայաստանը մշտապես պետք է մի քանի անգամ գրավիչ լինի, քան Ադրբեջանը, հակառակ դեպքում ընտրությունը մշտապես լինելու է այդ երկրի օգտին:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

 

Լուսանկարում`Անդրանիկ Շահբազյանն ու «Սամսունգ էլեկտրոնիքս» ընկերության Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Սանգ Պիլ Չանը

Լուսանկարն` asparez.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին