▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի Հասարակական պալատն արձագանքել է ՀՀ Հանրային խորհրդի կոչին

Ս.թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:
Օրերս ՀՀ Հանրային խորհրդի կոչի հերթական արձագանքն է հնչել՝ այս անգամ Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի քարտուղար Եվգենի Վելիխովի կողմից: 
Վերջինս հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատը կիսում է հայկական կողմի մտահոգությունը՝ կապված Սիրիայում հակակառավարական ուժերի կողմից խաղաղ բնակչության, կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված գործողությունների հետ:
Վելիխովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Հասարակական պալատը պատրաստվում է հանրային քննարկումների շրջանակներում բարձրացնել Սիրիայում հումանիտար աղետի, ապստամբների գործողությունների և արտաքին ուժերի կողմից նրանց օժանդակելու հարցը՝ խնդրելով հայ գործընկերներին աջակցել այդ քննարկման անցկացմանը:
Ի դեպ, ՌԴ Հասարակական պալատը 2013 թվականից ղեկավարում է նաև Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիան, և Վելիխովը հանդիսանում է այդ ասոցիացիայի նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ Հանրային խորհրդի կոչին այս կամ այն ձևով արձագանքել էին տարբեր երկրների Հանրային խորհուրդները: Ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել հատկապես Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը, որտեղ մասնավորապես նշված էր. "Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչում է այն ողբերգական իրադարձությունները, որոնք վտանգի մեջ են դնում Սիրիայում Քեսաբի հայ համայնքը՝ արտահայտելով խորին համերաշխություն ու համակրանք հայերի նկատմամբ: Բրազիլիայի հասարակությունն ապշած է տեղի ունեցած վայրագություններից, որոնցից տուժում է տեղի խաղաղ բնակչությունը, և խստորեն դատապարտում է ահաբեկչական գործունեությունն ու այլ հանցագործությունները՝ ուղղված խաղաղ բնակչության դեմ:
Սիրիայի բոլոր քաղաքացիները՝ այդ թվում նաև կրոնական փոքրամասնությունները, պետք է պաշտպանված լինեն, և միջազգային հանրությունը պետք է իր կարեկցանքն արտահայտի ու աջակցի՝ վերացնելու Սիրիայում մարդու իրավուքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն":

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին