«Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մի քանի խնդիրներ լուծվեցին: Մշտական հիմունքներով զինված ուժերի տեղակայումն է Բալթյան երկրներում և Լեհաստանում, այսինքն, այս երկրները լիարժեք ՆԱՏՕ-ի անդամ են դառնում: Որոշումներ կայացվեցին՝ չլսելով Ռուսաստանի դիրքորոշումը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Անդրադառնալով ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցություններին, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը նկատեց. «ՆԱՏՕ-ն մինչև բանակցությունը փորձում է Ռուսաստանին բացատրել, որ տղա ջան, մենք քեզ հետ խնդիրներ ունենք:
Քանի որ խոսվել էր նաև Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին, Թևան Պողոսյանը նշեց, որ կա աբխազաօսեթական կոնֆլիկտը, և միշտ կգտնվի ձևակերպում, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չդառնա: Խոսելով գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության մասին, պատգամավորը մանրամասնեց.
«Հայաստանը ՆԱՏՕ-ի լավագույն գործընկերոջ կարգավիճակ ունեցողներից մեկն է: Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ խաղաղապահ գործողությունները, ՀՀ-ն հավատարիմ է մնալու ստանձնած պարտավորություններին»:
Ինչ վերաբերում է գագաթնաժողովին Հայաստանի մասնակցելուն և Ռուսաստանի պատժելուն՝ Թևան Պողոսյանն ասաց.
«Եկեք չդիտարկենք այն, թե ով ինչպես է նայում սրան.պետք է տեսնենք՝ ո՞րն է մեր շահը, ինչպե՞ս ենք պատրաստ պայքարել դրա համար: Շահը առաջ տանելու համար պետք է պատրաստ լինենք տարբեր ճնշումների»:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով էլ՝ եթե Ռուսաստանն իրոք չցանկանար, որ Հայաստանը մասնակցեր այս գագաթնաժողովին, ապա հնար կգտներ ու որևէ կերպ Սերժ Սարգսյանին կխնդրեր, որ չմեկներ Վարշավա.
«Ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը»,-զարմացավ քաղաքագետը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն Բալթյան երկրներ և Լեհաստան 4000 զինվորական կուղարկի: Որոշումը կայացվել է՝ ի պատասխան տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ակտիվության: ԱՄՆ-ն կուղարկի երկու գումարտակ, Գերմանիան և Մեծ Բրիտանիան՝ մեկական:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները եւս մեկ անգամ հաստատել են 2008 թվականին Բուխարեստի գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշմանը հավատարմությունը: Որոշման համաձայն՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա եւ այդ գործընթացի հիմնական մասը կլինի անդամակցության շուրջ գործողությունների ծրագիրը:
Անի Կարապետյան