▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րոպեներ առաջ ստորագրված ԵՏՄ անդամակցության պայմանագիրը կարճ կյանք է ունենալու

Հայոց արդի պատմության մեջ հոկտեմբերի 10-ը խորհրդանշական օր է դարձել: Հինգ տարի առաջ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որ հետո պիտի դառնային առոչինչ: Գրեթե նույն ժամանակահատվածում մեր երկիրը բռնեց Եվրոպական Միության հետ ավելի խորը մերձեցման ուղին։ Սակայն շուրջ չորս տարվա ջանքերով բանակցված Ասոցացման Համաձայնագիրը և ԽՀԱԱՊ-ն մեկ գիշերվա մեջ հայտնվեցին նույն հանգրվանում, որում ննջում են հայ-թուրքական արձանագրությունները։

Արձանագրությունների ստորագրումից հինգ տարի անց՝ նույն օրը (այսօր) ստորագրվեց Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության պայմանագիրը։ Վստահ եմ, որ այն նույնպիսի կարճ կյանք է ունենալու, ինչպես ունեցան այս նույն օրը ստորագրված ու մեծ ակնկալիքներ, ոմանց մոտ՝ մտահոգություններ, մյուսների մոտ խանդավառություն ծնած արձանագրությունները։

Ինչու՞, որովհետև վստահ եմ, որ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը չի բխում մեր երկարատև շահերից։ Այն մեր կամքին հակառակ մեր վզին է փաթաթում մի միություն, որից մենք գրեթե ոչինչ չունենք վերցնելու ո՛չ մեր պետական ինստուտների զարգացման, ո՛չ մեր բիզնեսի որակական չափանիշների փոփոխության, ո՛չ մեր մշակույթի, կրթության ու գիտության զարգացման համար..... Միություն, ուր մեզ թշնամի համարողների շահերն ավելի են հարգվում ու գերադասվում։ Միություն, ուր մեր երեխաների կյանքն ամեն օր վտանգող երկրին զենք մատակարարող երկիրն է... Արդյոք սա՞ մեր ընտրությունը... Իհարկե ոչ... Իհարկե, նման միության մեջ լինելը հնարավոր է բացառապես հարկադրված...

Չեմ վիճի՝ Եվրոպան էլ մեզ չի սպասում գրկաբաց ու Եվրոպայի համար էլ մեկ է, թե ինչով ու ինչպես է ապրում հայաստանցին... բայց արդյո՞ք մենք պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, թե որտեղ են մեզ սպասում... թե՞ ինքներս պետք է ընտրենք մեր ուղին ու որոշենք մեր անելիքը... պիտի ընտրենք մեր շահերի բավարարման առավելագույն հնարավորությունների չափանիշով... պիտի ընտրենք հստակ գիտակցելով, որ անգամ խելահեղ արագությամբ փոփոխվող աշխարհում կան բաներ, որոնք հարյուրամյակներ ու հազարամյակներ շարունակ նույնն են մնում... վստահ եմ, որ մեզ մեծ փոփոխություններ են սպասում գալիք տասնամյակում... մեր աչքի առաջ վերաձևում են տարածքաշրջանի քաղաքական, էթնիկական, կրոնական ու ժողովրդագրական քարտեզը... սակայն նաև համոզված եմ, որ ո՛չ մեր աշխարհագրությունն է փոխվելու գալիք տասնամյակներում, ո՛չ մեր հարևանները... ուրեմն մեր շահերը լավագույնս բավարարելու համար պիտի փոխենք մեր մոտեցումներն ու մեր ապագան կառուցենք հստակ գիտակցությամբ և իրատեսական ակնկալիքներով։

Վստահ եմ, որ, սեփական շահերի գիտակցումն ու դրանցով շարժվելու պատրաստակամություն ու կամքը մեզ դեռ դարձնելու են այն ուղու վրա, որի ոլորաններից մեկում հարևանների հետ կարգավորված հարաբերություններն են, ժողովրդավարական արժեքներն ու Եվրոպայի ու Ասիայի ազատ ժողովուրդների հետ հավասար գործընկերությունը։

Թևան Պողոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին