«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ քառօրյա նիստերից առաջ ֆրակցիայի փակ նիստ են արել, որին մասնակցել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ասել է, որ ակտիվ լինեն թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում:
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ երկրորդ նախագահի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, իսկ վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի վերջին. «Ապրիլի 26-ին մեր ֆրակցիան նիստ է արել, որին մասնակցել է նաեւ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, քննարկվել են կարեւոր հարցեր՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ մեր անելիքները»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Օհանյանը»: