Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ, երկխոսությունը կշարունակվի, Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղրղզստանում ԱՊՀ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը։
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նա (Փաշինյանը – խմբ․) դրա համար ունի իր պատճառները, և մենք հարգում ենք դա, սա չի նշանակում, որ դադարեցնում ենք մեր շփումները, մենք շարունակում ենք մեր երկխոսությունը, Հայաստանը եղել է և կլինի մեր դաշնակիցը, մեր հարևանը, այն երկիրը, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան։ Թեկուզ միայն այն պատճառով, որ այստեղ, ամեն դեպքում, ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ սա կարևոր է, որ բոլորը հիշեն»,- ասել է Պեսկովը: