▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեականները խառնվել են իրար.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ Հայաստան ժամանեց օրենքով գող Շաքրո Մոլոդոյը` (Զախարիյ Կալաշով), որից հետո հասարակության շրջանում անհանգստության ալիք բարձրացավ, թե Հայաստանում հերթական անգամ գողական «ռազբորկա» է հասունանում: Սակայն քրեական հեղինակության այցը եւ դրան նախորդած իրադարձությունները զարգացան այնպիսի ուղղությամբ, որ Շաքրո Մոլոդոյի այցը չվերածվեց գողական «ռազբորկայի», այլ ամեն ինչ ավարտվեց «դահուկների շրջանակներում»:

…Նրա ամանորյա «խորհրդավոր» հանգստից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Տեղեկացանք, որ երբ Շաքրո Մոլոդոյը ժամանել է Հայաստան, որոշ քրեական հեղինակություններ փորձել են դիմավորել նրան օդանավակայանում, սակայն ՀՀ իրավապահները արգելել են նրանց մուտքը օդանավակայան: Այսպիսով, օրենքով գողն անմիջապես ուղեւորվել է Ծաղկաձոր: Նա իր ամանորյա հանգիստը անցկացրել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում, որը պատկանում է ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Շաքրո Մոլոդոյը մնացել է Ծաղկաձորի ամենաթանկ հյուրանոցային համալիրի ամենաթանկ համարում, որտեղ երկու անձի համար 1 օրվա արժեքը կազմում է 4 միլիոն դրամ: Ըստ ականատեսների` Շաքրո Մոլոդոյը ամեն առավոտ դահուկ է քշել, իսկ օրվա երկրորդ կեսին նկատել են, թե ինչպես են նրա համար հատուկ հայկական խորոված եւ այլ հետաքրքիր ուտեստներ պատրաստում:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` Շաքրո Մոլոդոյին են հանդիպել նաեւ Հայաստանի որոշ քրեական հեղինակություններ, որոնց վերջինս խորհուրդներ է տվել, թե օրինակ՝ ինչպես ապրել քրեական աշխարհում՝ անխոցելի լինելու համար: Մասնավորապես նա հատուկ շեշտադրում է արել, որ քրեական հեղինակությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ֆինանսական կախում չունենան օլիգարխներից, գործարարներից, որպեսզի հետագայում նաեւ կարողանան ազդեցության առումով առավել ազատ լինել: Ավելին՝ իր խոսքից բացի, նա նաեւ օրինակ է ծառայել: Հյուրանոցային համալիրի մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, երբ Հայաստանի մի շարք օլիգարխներ փորձել են «փակել» Շաքրո Մոլոդոյի ամանորյա հանգստի ծախսերը, հայաստանյան օրենքով գողերից Անդրանիկ Սողոյանը` Զապը, թույլ չի տվել՝ անձամբ վճարելով հայտնի քրեական հեղինակության ամանորյա ծախսերի հաշիվը:

Ասել է թե՝ Շաքրո Մոլոդոյի հանգստի համար քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը 24 միլիոն դրամ գումար է ծախսել: Ի դեպ, տեղեկություններ տարածվեցին, թե Շաքրո Մոլոդոյը հանդիպել է Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն մեր աղբյուրների վստահեցմամբ` քրեական աշխարհի հյուրերը հայաստանյան որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ չեն հանդիպել: Նրանց հանդիպումները սկսվել եւ ավարտվել են քրեական աշխարհի ներկայացուցիչների շրջանակներում:

Ականատեսները պատմում են, որ Շաքրո Մոլոդոյը ընդգծված ջերմ վերաբերմունք է ցուցաբերել Արմեն Հարությունյանի, հանցավոր շրջանակներում ավելի հայտնի Արմեն Կանեւսկոյի եղբոր` Արտյոմ Կանեւսկոյի նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին