«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության թեման վերջին օրերին արտախորհրդարանական ուժերի ձեռամբ կրկին քաղաքական օրակարգ է մտել եւ քննարկումների թեժ փուլում է, բայց իշխանության ներսում դեռեւս այս հարցի շուրջ կոնսենսուս չի ձեւավորվել:
Ինչպես հայտնի է, հայաստանյան արեւմտամետ դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը՝ Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցություն»-ը, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը եւ Լեւոն Շիրինյանի «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը ձեւավորել են «Ժողովրդավարական ուժերի հարթակ» եւ պաշտոնապես առաջարկել են իշխանություններին հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Ընդ որում, արտախորհրդարանական ուժերը ժամկետ են դրել՝ գործընթացը սկսել 3-4 ամսվա ընթացքում:
Հարցն այնքան լուրջ է դրված արտախորհրդարանական ուժերի կողմից, որ այսօր անգամ ԱԺ-ում Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ լսումներ են անցկացվելու:
Չնայած արտախորհրդարանական այս ուժերի խիստ շտապողականությանը՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի ներսում ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ կան:
Պատգամավորներից շատերը հենց քննարկումների ժամանակ կարծիք են հայտնել, որ դեռ «պատրաստ չենք» այս կարեւոր ու կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձին:
Այսպես ասած՝ ՔՊ-ում երկու թեւի են բաժանված՝ մի մասը կարծում է, որ Հայաստանի միակ ճիշտ ուղին ԵՄ-ն է, մյուս մասն էլ կարծում է, որ ԵՄ անդամակցության հարցում չպետք է շտապել. պետք է յոթ չափել ու մեկ կտրել:
Թե ինչ զարգացումներ կլինեն այս մասով, ի վերջո ՔՊ-ի որ թեւը կհաղթի՝ պարզ կդառնա առաջիկայում»: