«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները նույնքան չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, որքան ինքը` նրանց։ Գաղտնիք չէ, որ կառավարության ղեկավարը խորհրդարանական թիմակիցների հետ փակ հանդիպումներին հրահանգում է առանց հեռախոսների մասնակցել, եթե չասենք՝ հավաքել է տալիս բոլորի հեռախոսները՝ մտավախություն ունենալով, որ կձայնագրեն, ինֆորմացիոն արտահոսքեր կլինեն։
ՔՊ-ական աղբյուրների պատմելով՝ նույնպիսի անվստահություն է նաեւ պատգամավորների շրջանում` առ Փաշինյանը, ումից ինչ ասես սպասում են թիմակիցները: Օրինակ, վերջին հանդիպումների ժամանակ, երբ օրակարգում ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցն էր քննարկվում, ակնհայտ հակառուսական կամ եվրոպամետ ելույթներ գրեթե չեն հնչել: Թերեւս հակառակը` սորոսականի համարում ունեցող արեւմտամետ պատգամավորներից շատերը կա՛մ չեն մասնակցել այդ հանդիպումներին, կա՛մ ընդգծված զգուշավորություն են դրսեւորել՝ կասկածելով, որ այդ հանդիպումները տեսաձայնագրվում են, եւ հետագայում իրենք կարող են տհաճ իրավիճակներում հայտնվել»: