«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները կարծես հարթվել են։ ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետ կապված քրեական գործի պատմությունից հետո ՔՊ-ականներն ասում էին, որ Սիմոնյանը կարծես մեկուսացել էր թիմից` չէր մասնակցում կուսակցական հավաքներին, բացակայել է ՔՊ վարչության մի քանի նիստից, որոնք վարում էր Նիկոլ Փաշինյանը:
Իսկ նախօրեին մասնակցել է փակ նիստին, անգամ հումորներ է արել։ Դիցուք, Նիկոլ Փաշինյանին գլխի է գցել, որ խոսելու ընթացքում ձեռքով չհարվածի սեղանին, որի վրա ավազի ժամացույցներ են դրված եղել, քանի որ հարվածների ժամանակ ավազն ավելի արագ է հոսում, ու Փաշինյանի խոսելու ժամանակն արագ է սպառվում։
Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ հայտնի պատմությունից հետո Փաշինյանը քանիցս փորձել է համոզել Սիմոնյանին, որ ոչ մի բան միտումնավոր իր դեմ չի արվել` թող չհավատա հակառակը պնդողներին, ինքը նույնքան սիրում եւ հարգում է նրան, եւ Քյարամյանի քայլերն իր դեմ չեն եղել եւ այլն։ Մեր աղբյուրներն ասում են, թե Ալեն Սիմոնյանի թիկունքում ՔՊ-ականները ծիծաղում են նրա միամտության եւ զարմանում Փաշինյանի խորամանկության վրա»: