ՀՔԾ քննիչներն ու ոստիկանության աշխատակիցներն արդեն մի քանի ժամ է գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում: Փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խուզարկությունը դեռևս չի սկսվել.
«Տևական ժամանակ է՝ ՀՔԾ քննիչները և ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։
Քննչական գործողության բուն էությունն այն է, որ պետք է կատարվի խուզարկություն։ Խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես, Հրայր Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը։
Մենք համապատասխան միջնորդություն ենք իրականացրել։ Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, որ անձին թույլ չի տրվում որոշումը կարդալ։ Պատճառաբանություններ, որպես այդպիսին, չեն բերվում։ Այնպիսի աննախադեպ իրավիճակ է, որ ես չեմ կարողանում մեկնաբանություններ բերել», - ասաց Ամրամ Մակինյանը։