ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով անցած շաբաթ գտնվում էր Դուբայում, վերադարձել է Երևան և երեկ իսկ հանդիպել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, քննարկել ներքաղաքական հարցեր ու հոկտեմբերի 24-ին նախատեսված համապետական հանրահավաքի օրակարգը:
Asekose.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն ու հավելեց, որ այսօր էլ նախատեսված է ԲՀԿ ղեկավարի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Ավելի ուշ նախատեսված է նաև ընդդիմադիր Եռյակի առաջնորդների եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, թե հաջորդ հանրահավաքին մնացել է ընդամենը երկու օր, եւ եթե մինչ այդ եռյակը չկարողանա կայացնել միասնական եւ հստակ որոշում իշխանափոխության իրականացման քայլերի շուրջ, ապա հոկտեմբերի 24-ին այլեւս դժվար կլինի խուսափել հանրության հիասթափությունից, եւ է՛լ առավել դժվար կլինի պատկերացնել պայքարի հետագա ընթացքը: