Ահա արդեն երրորդ օրն է՝ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի կենտրոնից հյուսիս-արևմուտք ուղղությամբ մոլեգնում են անտառային հրդեհները:Կրակը հասել է մինչև Հիդեն Հիլզ, Կալաբասասա, Մալիբու եւ այլ վայրեր, որտեղ հիմնականում բնակություն են հաստատել աստղերը։ Հնարավոր ոչնչացման գոտում են հայտնվել 3 հազար տներ: Կրակը հիմնահատակ այրել է Քիմ Քարդաշյանի խորթ հոր՝ տրանսգենդեր Քեյթլի Ջենների տունը։
Կրակը հասել է նաև Քանյե Ուեսթի ու Քիմ Քարդաշյանի առանձնատուն։ Շքեղ տունը, որը գնահատվում է 20 միլիոն դոլար, կարող է ամեն պահի գետնին հավասարվել։
Ինքը՝ Քիմ Քարդաշյանն ամուսնու ու երեխաների հետ արագ տարհանվել է։ 38-ամյա հայուհին իր Instagram-ի story հատվածում լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով իրենց տարհանման մասին: Ավելի ուշ Քիմն ընտանիքի հետ տեղափոխվել է Քլոեի մոտ:
Նա իր միկրոբլոգում գրել է. «Մեզ հետ այս պահին ամեն ինչ կարգին է, մենք անվտանգ տեղում ենք»: Նա շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարներին ու հայտարարել, որ աղոթում է, որ ամեն ինչ լավ լինի և բոլորն անվտանգության մեջ լինեն:
Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիա նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել արագորեն տարածվող անտառային հրդեհների հետևանքով: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ: Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին ամենից շատ տուժած Փարադայս քաղաքից բնակչության ամբողջական տարհանման մասին, որտեղ ապրում է 27.000 մարդ: