▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետ Հայկոն ձախողել է կարգին Հայկոյի նախընտրական խոստումները

 

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

 

 

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ ակցիա էր իրականացնում, որի նպատակն է բարձրաձայնել Երեւանում կուտակված բազմաթիվ խնդիրների մասին ու պահանջել Երեւանի ավագանուց եւ քաղաքապետից՝ կատարել նախընտրական խոստումներն ու լուծել այդ խնդիրները։ Եվ առհասարակ, վերջին ժամանակներս միայն ՀՑԴ-ականները չէ, որ քաղաքապետ Մարությանի նախընտրական խոստումների մասին հիշելու առիթ ունեցան։ 

ԱԴԲԱՀԱՆՈՒԹՑՈՒՆ

Ավելի կոնկրետ՝ այն վիճակը, որն այսօր տիրում է մայրաքաղաք Երեւանում, պարզապես պարտադրում է հիշել քաղաքապետի նախընտրական խոստումների մասին։ Մասնավորապես այն խոստումների, որոնք կետերով թվարկում էր դերի մեջ մտածած այն ժամանակներում ընդամենը դերասան Կարգին Հայկոն։ Միգուցե, նա նաեւ իր ժանրի մե՞ջ էր, հումո՞ր էր անում։ Եթե անգամ այդպես էր, ապա մեկ է, մարդիկ հավատացին, ձայն տվեցին, ու Կարգին Հայկոյից քաղաքապետ Հայկոյի վերափոխված Մարությանին էլ մարդիկ պարզապես սկսել են հիշեցնել իր իսկ ասածները։

Թերեւս, արժե կենտրոնանալ այդ խոստումներից ներկայումս առավել ցցուն տեսք ունեցող երեք դրվագների վրա։ Այդ հոլովակի առաջին քայլով նա նախատեսնում էր դառնալ քաղաքապետ, եւ դրան անմիջապես հետեւում էր «Մաքրելու ենք քաղաքը» քայլը։ Այսինքն՝ քաղաքապետ դառնալուն պես Հայկոն պարտավորվել է մաքրել առանց այդ էլ նախկին քաղաքապետի օրոք բավականի մաքուր, սակայն որոշակի թերություններ ունեցող քաղաքը։ Այսինքն՝ նոր քաղաքապետի գործն աղբահանության հարցով ընդամենը եղածի վրա գոնե մեկ քար ավելացնելն էր։ Ի՞նչ ունենք արդյունքում, միակ բանը, որ արել են, մաքրության համար քաղաքի բնակչության գրպանից տրվող գումարը մի երկու միլիարդ դրամով ավելացնելն է եւ ինչ–որ խիստ կասկածելի գործարքի արդյունքում մի քանի աղբատար մեքենաներ բերելը։ Դրա փոխարեն ունենք անհամեմատ ավելի վատթար վիճակ, որն արդեն իսկ վերածվել է խնդրի ոչ միայն սանիտարահիգիենիկ առումով, այլ նաեւ՝ քաղաքական։ Իհարկե, գործող քաղաքային իշխանություններն ու քաղաքապետը դեռ համառորեն խոստանում են՝ «Մաքրելու ենք, ժամանակ է պետք»։ Բայց ի՞նչ ժամանակի մասին է խոսքը, երբ կար բավականին նորմալ վիճակ, ու պետք էր ընդամենը մեկ-երկու քայլ առաջ գնալ։ Լավ, ասենք, առաջ գնալու համար ժամանակ է պետք, սակայն Կարգին Հայկոն բոլորովին այլ ժամանակացույց էր ներկայացնում։ Մեջբերենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցած տարվա սեպտեմբեր 21-ին նրա արած հայտարարությունը.

«Աղբահանության հարցով միանգամից զբաղվելու ենք։ Եվ, վստահաբար, վեց ամսվա մեջ պետք է տեսնենք արդյունքներ...»։ Սա էր նրա մատնանշած ժամանակը՝ վեց ամիս, սակայն անցել է տասը։ Ուստիեւ ֆիքսենք, քաղաքապետ Հայկոն փայլուն կերպով ձախողել է Կարգին Հայկոյի թիվ 1 առաջնահերթության աշխատանքային խոստումը։ Ավելի կոնկրետ, այս խոստումը տալով, նա պարզապես խաբել է ընտրողին, եւ դա արդեն փաստ է։ 

ՎԵՐԵԼԱԿՆԵՐ

Կարգին Հայկոյի խոստացած «Քայլ 4»–ը, կամ պրակտիկ աշխատանքների 3-րդ ծրագրային կետն էր «Բարեկարգելու ենք վերելակները»։ Ավելի կոնկրետ՝ նրա տարբեր ելույթներում բնութագրմամբ. «մահաբեր վերելակները»։

Մինչդեռ այն, որ մայրաքաղաքում վերելակային վթարների հաճախականությունը էապես ավելացել է, բոլորիս աչքի առաջ է։ Ինչո՞ւ։ Չնայած այս խոստմանը, Կարգին Հայկոն նաեւ հայտարարում էր, որ քաղաքապետարանը վերելակների հետ գործ չպետք է ունենա, բայց նաեւ հատուկ ընդգծելով. «Վերելակները ձեր գույքն է, բայց հասկանալով, որ ժողովուրդը չի կարող հավաքել այդ գումարը եւ փոխել վերելակները, քաղաքապետարանը պետք է վերանորոգի եւ հարկ եղած դեպքում՝ փոխի»։ Ու չնայած դրան, ընտրվելու հազիվ երկու-երեք ամիս անց, հաստատելով մայրաքաղաքի այս տարվա բյուջեն, վերելակների սպասարկման գումարը մոտ 3 անգամ նվազեցրին սարքելով մոտ 30 միլիոն դրամ։ Այն, որ նման նվազեցումը պետք է բերեր վթարների կտրուկ աճի, միանգամայն սպասելի էր, եւ դրա հաստատումը տեսնում ենք ներկայումս։ Ճիշտ է, հիմա էլ հայտարարում են «Թե չէ, այդ թիվը փոխել ենք, դարձրել 120 միլիոն»։ Թե այդ ինչպես են դարձրել, երբ քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված մայրաքաղաքի բյուջեի պաշտոնական փաստաթղթում վերելակների սպասարկման գումարը 30 միլիոն 779 հազար դրամ է, դա դեռ հարցի մի կողմն է։ Դրանից շատ ավելի կարեւոր է այն, որ անգամ 120 միլիոնը բավարար չէ՝ վերելակների հարցում Կարգին Հայկոյի «քաղաքապետարանը պետք է վերանորոգի եւ հարկ եղած դեպքում փոխի» խոստումը կատարելու համար։ Հիմա կասեն՝ բա փողը քիչ է, հազիվ այդքան ենք հատկացնում։ Բայց եթե փողը քիչ է, ապա ինչո՞ւ քաղաքապետ Հայկոն ձմռանը 100 միլիոնանոց տոնածառ գնելու փոխարեն, այդ փողը չտվեց վերելակներին։ Կամ քաղաքի մաքրման համար մի երկու միլիարդ ավել փող որտեղի՞ց։ Նախկին «հանցավոր ռեժիմի» ծախսած չափով հատկացնեիք, քաղաքն առաջվա նման մաքրեիք, ու այդ 2 միլիարդն էլ ուղղեիք վերելակներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկշաբաթյա ժամկետում պատասխանատու գերատեսչությունները պետք է քայլեր ձեռնարկեն օրենսդրությունում բացերը լրացնելու եւ հետագայում Հուրգադա-Երեւան չեղարկված չվերթի օրինակի կրկնությունը բացառելու համար: Նախ նշենք, որ ինչպես եւ այլ դեպքերում, այս անգամ եւս սայլը տեղից շարժվեց միայն դեպքը գրանցվելուց հետո, այլ ոչ թե փորձ արվեց կանխարգելել այն: Բանն այն է, որ գործող օրենսդրությունը զբոսաշրջային գործակալություններին չի պարտադրում կատարել իրենց պարտականությունները, դաշտն ազատականացված է, որն էլ հանգեցնում է նման իրավիճակների:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարցի լուծման տարեբարկներից մեկը գործող իշխանությունները համարում են ապահովագրական մեխանիզմի ներդրման հարցը: Ինչպես հայտնի է, «Էյ ընդ Ար» տուրգործակալության փաթեթներով Եգիպտոս մեկնած քաղաքացիները չվերթի չեղարկման պատճառով մնացել էին այնտեղ, քանի որ գործակալությունը գումարները չէր փոխանցել, եւ միայն կառավարության կողմից գումար հատկացնելուց հետո վերադարձան Հայաստան: Այս դեպքով հարուցված քրեական գործից բացի դեպի Եգիպտոս ավիափոխադրումների շուկայում ուսումնասիրություն է սկսել նաեւ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը հայտնեց, որ ուսումնասիրությունների համար ժամկետներ չկան նախատեսված, դրանք շարունակվում են, եւ անուններ եւս հայտնի չեն: Հավելենք, որ այդ դեպքերից հետո ընկերության գրասենյակը փակ է, եւ այստեղից հեռացված են նույնիսկ բոլոր ցուցատախտակները»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում         

«Ժողովուրդ» թերթը գրում է.  Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաս­տան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու։ Ըստ «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ օգոստոսի 20-ից նրանց անձնական էջերը կփակվեն, այսինքն՝ չեն կարողանա մաս­նակցել ամերիկյան աճուրդներին։ Բանն այն է՝ ամերիկյան աճուրդների առաջարկ­ներն ավելի հետաքրքիր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ձեռք բերել մեքենան անհամեմատ ավելի մատ­չելի գներով։ Ինչպես հայտնի է, ավելի քան մեկ շաբաթ է՝ ավտոմեքենա ներկ­րողների համար ճապոնական աճուրդ­ներն են փակված։ 

«Ժողովուրդ» օրաթեր­թը գրել էր, որ ներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչ օգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են։ Միայն հատուկենտ ընկերություններ կան, որոնց դեռ հաջողվում է մասնակցել այդ աճուրդներին, այն էլ հայտնի չէ, թե մինչեւ երբ։ Ըստ փորձագետների՝ ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1–ից նոր մեքենաների մաքսա­տուրքի նախատեսվող թանկացումեւ է։ Եւ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ-վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչեւ Նոր տարի։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում   

«Ժողովուրդ» թերթը գրում է.  «Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները, շիր­մաքարերի վրա սեւ ներկ հիշեցնող նյութ էր լցված։  Armlur.am-ին կատարված սրբապղծությունից մանրամասներ էին հայտնի դարձել, ապա պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրել նաեւ ոստիկանությունը։ Մասնավորապես՝ «Եռաբլուր»–ի պղծման գործով հայտնաբերել էին Գրետա Մնացականյանին, որը բացատրել էր, թե վերեւից (Բարձրյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին, ինչը եւ արել է։ Թե այլ ինչ մանրամասներ հայտնի կդառնան, ժամանակը ցույց կտա։ Սակայն նկատենք, որ «Եռաբլուր»–ում տեղի ունեցածից հետո տեղեկություններ տարածվեցին, որ ենթադրյալ հանցագործները նման սրբապղծություն միայն «Եռաբլուր»–ում չեն կատարել, այլ որոշ գևրեզմանատներում եւս նման դեպքեր են բացահայտվել։ Սակայն, ըստ էության, դրանք չեն հայտնաբերվել, եւ միայն երեկվա դեպքից հետո ոստիկանությունը կարողացավ արագ կերպով հայտնաբերել կասկածյալին։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին հերոս նահատակներից Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդու (ու ոչ միայն նրա) մեքենաները թալանելու դեպքը չորս ամիս անց դեռեւս բացահայտված չէ։ ՀՀ ոստիկանապետ Վալերի) Օսիպյանն այդ ժամանակ անձնական հսկողության տակ էր վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները, սակայն ամենաօպերատիվ կերպով բացահայ­տում ենթադրող հանցագործությունը չորս ամիս անց կրկին բացահայտված չէ։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կրկին դիմել է ՀՀ քնն­չական կոմիտե՝ հասկանալու համար, թե գործով կան արդյոք մեղադրյալներ, կամ կոնկրետ անձինք խոստովանել են հանցանքը, թե ոչ։ Ի պատասխան՝ հայտնել են, որ այս քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։ Եվ չնայած երեկ ոստիկանությունն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ավելի օպերատիվ գործեցին, սակայն հենց ամենաթողությունն ու դան­դաղկոտությունն է հաճախ նման իրավիճակների հանգեցնում եւ ծնում նոր հանցագործություններ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում     

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության կողմից մշակված «օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդրական նախագիծը տանում-բերում են, եւ դեռ վերջնական ճակատագիրը հայտնի չէ։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվելու է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որով հանցավոր մշակույթ եւ հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտարարել էր, թե, որպես նախարար, շատ է կարեւորում հանցավոր տարրերի դեմ պայքարը։ Եվ, ահա, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարն այդ նախագծի հետ կապված նշեց. «Մշակված է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, հետո հետ է եկել, եւ կրկին նորից ենք ուղարկել»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ներքաղաքական դաշտում նոր զարգացումներ են սպասվում՝ հատկապես ընդդիմադիր սեգմենտում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ներկուլիսային բուռն քննարկումները շարունակվում են, ու, ըստ ամենայնի, մինչև հոկտեմբեր հնարավոր է 7 կուսակցությունների հայտարարության ձևաչափի օրինակով տեղի ունենա մի նոր կոնսոլիդացիա, բայց այս անգամ կուսակցությունների թիվը կանցնի երկու տասնյակը։ Թերթի աղբյուրը տեղեկացնում է նաև, որ կուսակցությունները պատրաստվում են հանրային օրակարգ ներկայացնել մի, այսպես կոչված, «աշխատանքային փաստաթուղթ», որտեղ համառոտ կերպով ներկայացված կլինեն իրենց քայլերի հաջորդականությունն ու քաղաքական նպատակները։ Կա տեղեկություն, որ այս կոնսոլիդացիոն բլոկում ընդգրկված են լինելու բավականին հայտնի քաղաքական գործիչներ, ինչպես նաև ՀԿ սեկտորի և փորձագիտական դաշտի առանցքային ներկայացուցիչներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներս սկսել է ավելի քիչ ուղիղ եթեր մտնել «Ֆեյսբուքում», փոխարենը եթե ոչ ամենօրյա, համենայն դեպս, չափազանց հաճախ ներկայացնում է պաշտոնական վիճակագրական տվյալներ։ Այս անգամ Փաշինյանը գրել է. «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով։ Եվ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1%-ով կամ 152 մլրդ դրամով»։ Ապա նա նշել է, թե բյուջեի եկամուտների աճը հնարավորություն է տվել, որ հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացվեն զինծառայողների աշխատավարձերը։ Թեեւ շատ զինծառայողներ փաստում են, որ աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունեցել, ըստ երեւույթին, աշխատավարձերի աճը վերաբերում է ոչ բոլոր զինծառայողներին։ Փաշինյանը շարունակում է, որ սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է շուրջ 38 ազար ուսուցիչների աշխատավարձը։ 2020թ. հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։

«Հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 330 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար։ Հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար։ 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988–ի երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար»,– գրում է Փաշինյանը։

Անշուշտ, դրական պետք է գնահատել, որ կառավարության ղեկավարը արձանագրում է բյուջեի եկամուտների աճ եւ դրանք ուղղում սոցիալական խնդիրների լուծմանը, քանի որ սոցիալ-տնտեսական վիճակը բնակչության բավական վատ է։ Հետաքրքիր են ընտրված թիրախային խմբերը՝ զինվորականներ, ուսուցիչներ, թոշակառուներ եւ երկրաշարժից տուժած ընտանիքներ։ Զուտ համապետական առումով Փաշինյանի կառավարությունը, փաստորեն, բյուջեի եկամուտները ծախսելիս կարեւորել է ճանապարհաշինությունն ու համայնքային ծրագրերը։ Այսինքն՝ կառավարության մոտեցումն է հնարավորինս արագ շոշափելի արդյունքներ ցույց տալ բնակչությանը, որպեսզի հեղափոխությունից ունեցած ակնկալիքների ճգնաժամը մեղմվի։

Մարդիկ սպասում էին կյանքի կտրուկ լավացում, բայց առայժմ ապավինելու են եկամուտների նվազագույն աճին, որը կենսամակարդակի հարցում ոչինչ չի փոխելու։ Մյուս կողմից՝ գումարներ են ծախսվելու ճանապարհաշինության եւ համայնքային տարբեր ծրագրերի վրա։ Պարզ չէ, թե կոնկրետ ինչ համայնքային ծրագրերի մասին է խոսքը, սակայն ակնհայտ է, որ ծախսվող գումարները հավելյալ արժեք չեն ստեղծելու, դրանք միտված են կարճաժամկետ տպավորություն թողնելուն։ Քավ լիցի, չենք չարախնդում, գրանցած արդյունքները դրական են, սակայն արդյոք դա ա՞յն է, ինչ հանրությունը ակնկալում էր հեղափոխությունից հետո։ Հանուն արդարության նշենք, որ Փաշինյանը վերախմբագրել է իր խոստումը։ Հեղափոխությունից առաջ նա հստակ հայտարարել է, տեսանյութերը կան, որ բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում կավելանան ոչ թե 25-30, այլ 30-40 տոկոսով։ Դեռեւս ժամանակ կա այղ խոստումը իրականացնելու համար, հետեւաբար ի՞նչ կարիք կա թաքցնելու խոստացված թվերը։ Հանուն նրա, որ թվերը գեղեցիկ համընկնե՞ն։ Թե՞ այն պատճառով, որ արդեն պարզ է՝ խոստումները 100 տոկոսով իրականություն չեն դառնալու, եւ քանի շանս կա, մի քիչ ձեւափոխել, նկարել։

Փաշինյանի կառավարության գրանցած այս ցուցանիշները այնպիսին չեն, որ չէր կարող գրանցել ցանկացած այլ, անգամ նախկին կոռումպացված կառավարությունը։ Նախկինում էլ բյուջեի եկամուտները աճել են, բյուջեն գերկատարվել է, սակայն, դա, բնականաբար, չի գոհացրել հանրությանը, քանի որ շատ սովորական աճի ցուցանիշներ են։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին