Սոչիի եռակողմ հանդիպման որոշ արդյունքների է այսօր անդրադարձել Ռեքս տեղեկատվական գործակալության մեկնաբան Ֆահրադդին Աբոսզոդան: Նրա կարծիքով հանդիպման կայացման բուն փաստը որոշակի հաջողություն է դրա հիմնական նախաձեռնողի՝ Վլադիմիր Պուտինի համար, քանի որ նախօրյակին կարծիքներ կային, որ այս ձևաչափով հանդիպումը չի էլ կայանա:
Հիմնական հանդիպումն անցնում էր փակ դռան հետևում, ուստի հեղինակն այն մեկնաբանել է եղած ժլատ տեղեկությունների և որոշ անուղղակի հատկանիշների հիման վրա: Աբոսզոդան հիշեցրել է, որ Սոչիի հանդիպման նախօրյակին ադրբեջանական և ղարաբաղյան զինված ուժերի շփման գծի դրությունը ծայրաստիճան լարված էր: Դա որոշ դիտորդների առիթ էր տվել տագնապելու, որ պատերազմը կարող է վերսկսվել:
Ադրբեջանական կողմն այդ իրավիճակն օգտագործում էր երկրում ռազմական պսիխոզ հրահրելու համար: Բայց Սոչիից առաջ ծավալված ադրբեջանական տեղեկատվական պատերազմն ուներ իր առանձնահատկությունները: Բաքվի ԶԼՄ-ների հրապարակումների մեծ մասը մուտք չունի արտասահմանյան տեղեկատվական դաշտ, քանի որ դրանց հեղինակները ձգտում են հիմնականում իրենք իրենց և սեփական բնակչությանն համոզել, որ ադրբեջանական պետությունն ուժեղ է և հզոր, նրա քաղաքական ղեկավարությունը՝ իմաստուն: Հոդվածագիրը կասկած է հայտնել պատերազմի բացահայտ կոչ անող ադրբեջանական մամուլի ջանքերի արդյունավետությանը: Ֆահրադդին Աբոսզոդան նկատել է, որ Հայաստանի նախագահը Սոչիում իրեն պահել է որպես «յուրային», իսկ Ադրբեջանի նախագահը նույնիսկ մարզական միջոցառմանը չի կարողացել թաքցնել իր մտահոգությունը, որոշ իմաստով՝ անհամարժեքությունը: Դա վկայում է, որ Պուտինը երկկողմ հանդիպման ընթացքում խիստ մտահոգություն է պատճառել Ալիևին: