Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինացի և վրացի քաղաքական գործիչ Միխայիլ Սաակաշվիլին բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
«Առաջին անգամ եմ դիմում Ձեզ և դիմում եմ հրապարակայնորեն, քանի որ շատ մտահոգված եմ մեր տարածաշրջանի և Հայաստանի ճակատագրով։ Ելնելով Ռուսաստանի և Պուտինի հետ շփվելու իմ փորձից, ով վերջերս ԱՊՀ գագաթնաժողովում գործնականում ինձ մեղադրեց այս կազմակերպության փլուզման մեջ, թույլ կտամ ինձ` Ձեզ մի քանի խորհուրդ տալ։ Դուք իշխանության եք եկել ժողովրդական ընդվզումների արդյունքում, այսինքն՝ Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխությամբ, և հավատացեք, ինչպես էլ նրան հաճոյանաք, հավատարմության երդում տաք, նա Ձեզ երբեք չէր ների և չի ների։ Ավելին՝ Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա Ձեր ոխերիմ թշնամին է և Ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողությունների խրախուսում։ Դա Ձեզ տնտեսապես կխեղդի և կօգտագործի հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը:
Պետք է հիշել, որ շատ քիչ ժամանակ ունեք։ Իշխանության գալուց հետո դուք չկարողացաք կամ չիրականացրիք հիմնարար բարեփոխումներ, ուստի ձեր ներկայիս պետական ապարատն իսկապես Կրեմլի հինգերորդ շարասյունն է։ Դուք ուշացել եք եվրոպական ինտեգրացիայից:
Որքան էլ Ձեզ համար դժվար լինի, Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները նոր հնարավորություն են տալիս մեր տարածաշրջանին։ Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել Բալթյան երեք երկրների պես՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ՝ օգտագործելով մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար Դուք պետք է շտապեք և մի կողմ նետեք ցանկացած երկմտանք, գնաք վա–բանկ: Պահանջեք անհապաղ դուրս բերել ռուսական ռազմաբազան, դուրս եկեք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացրեք Եվրոմիությանն ու ՆԱՏՕ-ին։
2013-ին մենք թռանք Երևան՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բառոզուի հետ՝ ապարդյուն փորձելով համոզել ձեր նախորդին` չմիանալ Մոսկվայի հովանու ներքո գտնվող այս կազմակերպություններից մի քանիսին։
Եվ վերջապես, Դուք պետք է բացահայտորեն հայտարարեք և անհապաղ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ և դրանով ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար։
Անձնական խիզախության և քաղաքական խիզախության պակաս չունեք, և հուսով եմ, որ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել Ձեզ և միևնույն ժամանակ կործանել Ձեր երկիրը և ամբողջությամբ խարխլել մեր տարածաշրջանը։
Բոլորիս առջև ծառացած վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ` այս անգամ չեք վարանի»:
Թարմացված․ «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին: Ասում է` Նիկոլ ժամանակ չունես, հենց հիմա հայտարարիր ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից ու Եվրասիականից դուրս գալու մասին ու ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը բռնիր: Լավ է ասում` սրտիցս է, միայն թե պիտի բացատրի, թե այդ ճանապարհը բռնած իր 10 տարվա քաղաքականությունն ինչո՞ւ մինչ օրս Վրաստանը չի հասցրել այդ կառույցներին անդամակցելուն: |