▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փլատակների տակից դուրս բերվեց երկու դի

«Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակների տակից հայտնաբերվեց երկու քաղաքացու դի՝ կին և տղամարդ»,- քիչ առաջ, լրագրողների հետ զրույցում, հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նախնական տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են։

Թարմացված․ «Տալս ու ամուսինը տանն են եղել պայթյունի պահին, ոչ մի լուր չունենք, չեն արձագանքում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նոր Արեշի բնակչուհիներից մեկը։

Պայթյունի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները երկու քաղաքացու են դուրս բերել փլատակների տակից, որոնք այս պահին գտնվում են հիվանդանոցում։

Թարմացված․ «Փլուզված տան կողքի տունը տեգորս տունն է եղել, որը ևս փլուզվել է, իսկ էս կողքը՝ իմը, որը ճաքեր է տվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նոր Արեշի բնակչուհիներից մեկը՝ հավելելով, որ տուժածներից մեկն իր սկեսուրն է․ «Սկեսուրս մնացել էր փլատակների տակ, էս պահին հիվանդանոցում է»,- հավելել է նա։

Թարմացված․ «Պայթյունի ձայնը շատ ուժեղ էր, մենք 26-րդ փողոցում ենք ապրում, մինչև այդտեղ լսվել է»,- խոսելով Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով երկու տուն է փլուզվել, ասել է բնակչուհիներից մեկը։ «Իմացանք՝ երկրաշարժ է, դուրս եկանք տնից։ Հարսս դողում էր»,- հավելել է նա։

Թարմացված․ ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։
Ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին, շարունակվող որոնողական և փրկարարական աշխատանքներին զուգահեռ, քննչական վերոնշյալ բաժնի քննիչների կողմից դեպքի վայրում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ։
Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի ադյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմտիեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին